ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ամերիկացի մի քանի զինծառայողներ վիրավորվել են Իրաքում Այն-էլ-Ասադ ավիաբազայի հրետակոծության ժամանակ, որն օգտագործում են միջազգային կոալիցիայի ուժերը Վաշինգտոնի գլխավորությամբ։


«Մենք կարող ենք հաստատել, որ այսօր, ենթադրաբար, հրթիռային հարված է հասցվել ամերիկյան ուժերին եւ կոալիցիայի ուժերին Այն-էլ-Ասադ ավիաբազայում։ Նախնական տվյալներով՝ ամերիկացի մի քանի զինծառայողներ տուժել են»,- ՏԱՍՍ-ի թղթակցին տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ավելի մանրամասն տեղեկություն կներկայացնի միջադեպի մասին նոր լուրեր ունենալու դեպքում։

Ավելի վաղ Shafaq News պորտալը, հղում կատարելով Իրաքի անվտանգության ծառայությունում ունեցած աղբյուրին, տեղեկացրել էր, որ Այն-էլ-Ասադ ավիաբազան Անբար նահանգում (երկրի արեւմուտք), որն օգտագործում են միջազգային կոալիցիայի զորքերը, ենթարկվել է հրթիռակոծման։