ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պատրաստ է միջազգային փորձագետների խումբ ուղարկել Կուրսկի մարզ, որտեղ ներկայում ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա ալ Նաշիֆը՝ դրա համար անհրաժեշտություն համարելով գրասենյակի աշխատակիցների մուտքը Կուրսկի մարզ։

«Մենք չենք օգտագործում երրորդ կողմերի տեղեկատվությունը, քանի որ ունենք հատուկ մոտեցում: Ունենալով տեղում թիմ՝ մենք վստահ ենք, որ այն ամենը, ինչ հրապարակում ենք և մեր զեկույցները կլինեն վստահելի ու ստուգված։ Մենք պետք է խոսենք տեղում գտնվող շատ մարդկանց հետ, ոչ միայն կառավարությունների կամ տեղական իշխանությունների, այլև՝ հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների հետ։ Եթե մենք ուղարկենք որևէ թիմ Կուրսկի մարզ, այն բաղկացած կլինի միջազգային փորձագետներից, ովքեր տեղում կաջակցեն քաղաքացիներին»,- ասել է նա։

Անցյալ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հաստատել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հարցում է ստացել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզեր այցելելու վերաբերյալ։