Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ին այցելել է Ադրբեջան՝ հավանաբար փորձելով շեղել ուշադրությունը Կուրսկի մարզ ուկրաինական ներխուժումից եւ ներկայանալու որպես «արդյունավետ դիվանագետ», նշվել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) հաշվետվությունում։


«Պուտինը օգոստոսի 18-ին Բաքու է մեկնել երկօրյա այցով, պատվիրակության մեջ էր արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նպատակն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն էր եւ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների քննարկումը։ Տեղեկացվել է, որ պատվիրակությունները քննարկել են երկկողմ էներգետիկ կապերը, ռուսալեզու նախաձեռնություններն Ադրբեջանում եւ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ միջնորդ հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշվել է հաշվետվությունում։

Ինստիտուտի կարծիքով՝ այցի ժամանակի ընտրությունը հատկանշական է՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը Կուրսկի մարզում եւ Կրեմլի շարունակվող ջանքերը՝ նվազեցնելու ուկրաինական ներխուժման հետեւանքները։ «Ռուսաստանյան պետական ԶԼՄ-ները ուշադրությոնը կենտրոնացրել են Ադրբեջան Պուտինի այցի վրա՝ բացահայտելով նվազագույն մանրուքները, հավանաբար, որպեսզի շեղեն ուշադրությունը Ռուսաստանում անբարենպաստ վիճակից, տեղեկատվական տարածքը լցնելով Կրեմլի գլոբալ դիվանագիտական փոխգործակցության եւ ենթադրյալ հաջողությունների ցուցադրմամբ»,- ընդգծվել է ինստիտուտի հաշվետվությունում։