Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում հանել կամ փոփոխել երկրի Սահմանադրության 78-րդ հոդվածը, որտեղ նշվում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ հանրապետության ձգտման մասին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Կարող եմ միանշանակ ասել, որ մենք չենք պլանավորում ո՛չ հանել 78-րդ հոդվածը, ո՛չ էլ փոփոխել այն», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունն օգոստոսի 20-ին տարածել է հայտարարություն, որտեղ խոսվում է հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին։

Փաստաթղթում «Վրացական երազանքը» թվարկել է մի քանի կետ, թե ինչու է իրեն անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում։ Ի թիվս այլոց հայտարարության մեջ ասված էր, որ իշխող կուսակցությունում բանակցություններ են ընթանում մեկ հարցի շուրջ, որի մասին հայտնի կդառնա ավելի ուշ։ Վրացական մի քանի զանգվածային լրատվամիջոցներ ենթադրել են, որ իշխանությունները քննարկում են ահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու հնարավորությունը։

2017 թվականին Վրաստանի Սահմանադրության մեջ հայտնվել է գրառում սահմանադրական մարմինների կողմից բոլոր հնարավոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի լիակատար ինտեգրումն ապահովելու համար: