Հայաստանի և Հունգարիայի միջև իրականացվող նախաձեռնություններից մեկը, որը մշտական բնույթ է կրելու, հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 1000 երեխաների մեկնել Հունգարիայի ամառային ճամբար։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Երևանում։


Ինչպես NEWS.am -ին է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, այս նախաձեռնության շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 120 երեխա արդեն մեկնել է Հունգարիա՝ ամառային ճամբարում հանգստանալու համար։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության, սոցիալական արդարության ապահովման և աջակցման միջոցառումների կարևորությունը։

Վերջինիս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են Հունգարիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության կարևորությունը և դրա շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը։

Ըստ Մկրտչյանի, հատկապես վերջին շրջանում երկու երկրների միջև բազմավեկտոր կապերի ընդլայնումը ցույց է տալիս գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու հարցում փոխադարձ շահագրգռվածությունը։