Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի պլատֆորմի առաջնորդների 4-րդ գագաթնաժողովին և իր խոսքում նշել, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, ինչը միջազգային իրավունքի պահանջ է։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

«Այս տարվա գագաթնաժողովը համընկնում է Ղրիմի թաթար ժողովրդի աքսորի 80-ամյակի հետ։ Հայրենիքից բռնի տեղահանված Ղրիմի թաթարների կրած ողբերգության ցավը չի հանդարտվում, ու նրանց վերքերը չեն սպիանում արդեն 80 տարի։ Ղրիմի բռնակցումը, որին Թուրքիան դեմ է արտահայտվել և չի ճանաչում առաջին իսկ օրվանից, ավելի է խորացրել տառապանքները։ Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը մշտական ​​է։ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է: Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է նաև Ղրիմի բնիկ ժողովուրդներից մեկի՝ Ղրիմի մեր թաթար-թուրք հայրենակիցների անվտանգության և բարեկեցության ապահովումը»,- իր խոսքում նշել է Էրդողանը։