Որքա՞ն ժամանակ մարդը կարող է ապրել հեպատոցելուլյար քաղցկեղով: Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ մարդն ապրել է ախտորոշումից հետո 43 տարի, և դա վերին սահմանը չէ, քանի որ հետազոտությունը ավարտվել է, իսկ մարդը ապրում է․․․․

«Որքա՞ն ժամանակ է ինձ մնացել»․ այս հարցը հաճախ տրվում է լյարդի քաղցկեղով հիվանդների ֆորումներում և բժշկի հետ հանդիպման ժամանակ: Միանշանակ պատասխան գոյություն չունի. յուրաքանչյուր դեպք անհատական է։ Անհայտ է, թե ինչպես տվյալ մարդու օրգանիզմը կպայքարի քաղցկեղի դեմ և կարձագանքի բուժմանը: Ավանդաբար, լյարդի չարորակ ուռուցք ունեցող հիվանդի կանխատեսումը սահմանվում է որպես անբարենպաստ: Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ վիճակագրությունն իսկապես մռայլ էր: 40 տարի առաջ Միացյալ Նահանգներում լյարդի քաղցկեղով հիվանդների միայն 3%-ն էր ապրում ավելի քան հինգ տարի: Այսօր այս ցուցանիշն աճել է գրեթե յոթ անգամ՝ հասնելով 21 %1: Ապրելիության մակարդակի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ուռուցքի կառուցվածքային առանձնահատկությունները, օրգանիզմի ընդհանուր վիճակը, քաղցկեղի փուլը հայտնաբերման ժամանակ և բուժման մեթոդները:

Հեպատոցելուլյար քաղցկեղով (ՀՑԿ) պացիենտները կարող են ապրել տասնամյակներ

2009 թվականին Ամերիկյան «Քաղցկեղի հետազոտության և կլինիկական ուռուցքաբանության ամսագիրը» հրապարակեց ՀՑԿ-ով հիվանդների ապրելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները2: Հեղինակներին հատկապես հետաքրքրել են նրանք, ովքեր ապրել են ախտորոշումից հետո ավելի քան 20 տարի, այսինքն՝ հասել են երկարատև, կայուն ռեմիսիայի։ Հետազոտությունը կարևոր էր, քանի որ մարդկանց մոտ լյարդի քաղցկեղ ախտորոշումը միանշանակ ասոցիացվում է արագ, անբարենպաստ ելքի հետ:


Հետազոտության մեջ ընդգրկվել էին 396 պացիենտ, որոնց մոտ 1961-1987 թվականներին ախտորոշվել էր ՀՑԿ։ Այդ պացիենտների 13,4% (53 պացիենտ) ապրել են 20 տարուց ավել, 36-ը ողջ էին հետազոտության ավարտի ժամանակ 2007 թ․ - չունեին ՀՑԿ-ի որևէ նշան, երեք պացիենտ մահացել էին ՀՑԿ-ի ռեցիդիվից կամ քաղցկեղի մետաստազավորման արդյունքում, վեց հոգի ՝ լյարդային անբավարարությունից։


Հետազոտության տվյալներով ՀՑԿ-ի ախտորոշումից հետո կյանքի ամենաերկար տեւողությունը եղել է 43 տարի 2 ամիս, և այդ ապցիենտը դեռ կենդանի է եղել 2007 թվականին, ինչը նշանակում է, որ կյանքի այդ տևողությունը դեռ վերին սահմանը չէ: Հինգ երիտասարդ հիվանդ լյարդի մասնահատումից հետո ամուսնացել և երեխաներ են ունեցել։ 17 × 13 × 9 սմ (բոլորից ամենամեծը) ուռուցքով մեկ հիվանդ ապրել է 37 տարի։ Այս խմբում ինը հիվանդ ենթարկվել է լյարդի կրկնվող ռեզեկցիայի կրկնվող ՀՑԿ-ի կապակցությամբ, միջին ապրելիությունը եղել է 26 տարի 11 ամիս2;

Պետք է կենտրոնանալ վաղ ախտորոշման վրա

Նշենք, որ հետազոտության մեջ ընդգրկված են եղել այն պացիենտները, որոնք տասնամյակներ առաջ են անցել լյարդի քաղցկեղի բուժման առաջին փուլը՝ 60-80-ականներին, երբ քաղցկեղի վարման մակարդակն անհամեմատ ցածր էր ներկա վարման մակարդակի հետ համեմատած։ Օրինակ, այն ժամանակ կիբերդանակը, թիրախային թերապիան և մոնոկլոնալ հակամարմինները դեռ չէին հայտնաբերվել, արվում էին քիմիոէմբոլիզացիայի առաջին թույլ փորձերը, իսկ այսօր այդ մեթոդները լայնածավալ կիրառվում են և թույլ են տալիս հասնել լավ արդյունքների3:

ՀՑԿ-ով երկարակյաց պացիենտների մոտ նկատվել են մի շարք ընդհանուր առանձնահատկություններ, որոնք կարող են բացատրել հիվանդության բարենպաստ ընթացքը.

ախտորոշում երիտասարդ տարիքում;
լյարդի ցիռոզի ավելի ցածր հաճախականություն;
ուռուցքների ավելի շատ վիրաբուժական հեռացում;
ախտորոշման պահին լյարդի ֆունկցիայի պահպանում2։
Հատկապես կարևոր է վերջին կետը. ասիմպտոմատիկ ուռուցքի հայտնաբերումը հաճախ ցույց է տալիս, որ ՀՑԿ-ն հայտնաբերվել է սկզբնական փուլերում, երբ քաղցկեղը գրեթե չի դրսևորվել: Ընդհանուր առմամբ, լյարդի ուռուցքով հիվանդների ապրելիության ցածր ցուցանիշները բացատրվում են ոչ այնքան նրանով, որ սա յուրահատուկ ծանր քաղցկեղ է, որքան այն փաստով, որ շատ դեպքերում այն «լուռ» է մինչև չորրորդ փուլը, երբ հիվանդության բուժման հնարավորությունները դառնում են շատ սահմանափակ: Ցանկացած չարորակ ուռուցք ունեցող պացիենտի կանխատեսումը վատանում է, եթե այն հայտնաբերվում է վերջին փուլում, և լյարդի քաղցկեղը բացառություն չէ4:

Չորս հարված լյարդի քաղցկեղին

ՀՑԿ-ի բուժման պատճառները, մեթոդները և արդյունքները անհատական են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Սակայն ուսումնասիրությունները հայտնաբերել են չորս գործոն, որոնք մեծացնում են հիվանդի երկարաժամկետ ռեմիսիայի հնարավորությունները.

1․ Լյարդի առողջության մոնիտորինգը

անհրաժեշտ է ռիսկի խմբի հիվանդների համար, ովքեր ունեցել են վիրուսային հեպատիտ, ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդություն (NAFLD), ինչպես նաև լյարդի ցիռոզ և ալկոհոլային կախվածություն: Վեց ամիսը մեկ նրանք պետք է անցնեն որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն և արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի (AFP) մակարդակի ստուգում: Սա հնարավորություն է տալիս հայտնաբերել ՀՑԿ-ն վաղ փուլում:

2․ Լյարդի մասնահատում

Լյարդի ուռուցքով ախտահարված հատվածի վիրահատական հեռացումը նպաստում է ապրելիության ցուցանիշի բարելավմանը:

3․ Դիսպանսեր հսկողություն

ՀՑԿ-ով հիվանդները, ովքեր անցել են բուժում և հասել ռեմիսիայի, պետք է լինեն հսկողության ներքո ամբողջ կյանքի ընթացքում: Կարևոր չէ, թե քանի տարի է անցել հիմնական բուժման ավարտից։ Նույնիսկ 25-30 տարի հետո ռեցիդիվ կարող է առաջանալ, և կարևոր է հնարավորինս շուտ բացահայտել այն:

4․ Կրկնվող ռեզեկցիա ռեցիդիվների և մետաստազների կապակցությամբ

Եթե տեղի է ունենում ռեցիդիվ (հիվանդությունը վերադառնում է), կարող է նորից վիրահատություն պահանջվել։ Վիրահատական բուժումը բարելավում է կանխատեսումը2։

Հետաքրքիր է

Հոնկոնգի համալսարանի գիտնականները հայտարարել են չորրորդ փուլի ՀՑԿ-ի բուժման նոր մոտեցման մասին․ 65 տարեկան պացիենտի ուռուցքի պարագիծը կազմում էր 18,2 սմ, գոյացությունը տարածվել էր լյարդին արյուն մատակարարող երակի վրա։ 2022 թ․ նոյեմբերին բժիշկները կանխատեսում առավելագույնը վեց ամսվա կյանք։ Գիտնականները կիրառեցին «փոքրացնել և հեռացնել» մեթոդը, կիրառելով ստերեոտաքսիկ ճառագայթում և իմունաթերապիա։ Դա նպաստեց ուռուցքի փոքրացմանը ավելի քան երկու անգամ։ Դրանից հետո 2023թ-ի օգոստոսին լյարդը հեռացրեցին և պացիենտին պատվաստեցին իր որդու լյարդի հատվածը։ Ներկա պահին պացիենտը գտնվում է ռեմիսիայում6,7:

Հույսը միշտ մնում է

ՀՑԿ -ն չարորակ նորագոյացություն է՝ ծայրահեղ վատ կանխատեսմամբ8: Առաջին հերթին դա պայմանավորված է լյարդի քաղցկեղի ուշ հայտնաբերմամբ, երբ բուժման տարբերակները զգալիորեն սահմանափակ են: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ վերջին փուլում հնարավոր է հասնել հնգամյա ապրելիության5:

Վերականգնման հնարավորությունները մեծանում են, եթե հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլում։ Դրան հասնելու համար ռիսկի խմբում գտնվող մարդիկ պետք է անցնեն կանոնավոր բժշկական հետազոտություններ - սկրինինգ: Ինչքան էլ տխուր հնչի կանխատեսումը, պետք է հիշել, որ դա ձեր հեռանկարների ճշգրիտ գնահատականը չէ։ Բոլոր մարդիկ անհատական են, և բժշկության մեջ կանխատեսումները հիմնված են հազարավոր հիվանդների միջին վիճակագրության վրա: Բազմաթիվ բժիշկներ մեկ անգամ չէ, որ հանդիպել են, թե ինչպես նույն տարիքի երկու հիվանդ՝ նույն ախտորոշմամբ և հիվանդության փուլով, միևնույն բուժման կուրսերի արդյունքում ստացել են բոլորովին տարբեր արդյունքներ9:

Հույսը միշտ կա․ այն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ստանալ համարժեք թերապիա և հետևել բժշկի բոլոր ցուցումներին:

Սեպտեմբերը՝ Հեպատոցելուլյար կարցինոմայի իրազեկման ամիսն է
Անցեք լյարդի սկրինինգ՝ վերահսկեք լյարդի առողջությունը։
Վաղ հայտնաբերումը արդյունավետ բուժման գրավականն է։
Գրականություն

Liver Cancer: Statistics. Cancer.Net. (Электронный ресурс). URL: https://www.cancer.net/cancer-types/liver-cancer/statistics (дата обращения: 27.12.2023).
Zhou X. D., Tang Z. Y., Ma Z. C. et al. Twenty-year survivors after resection for hepatocellular carcinoma-analysis of 53 cases. J Cancer Res Clin Oncol. 2009 Aug;135(8):1067—72. DOI: 10.1007/s00432-009-0546-z. Epub 2009 Mar 18. PMID: 19294419.
Advances in liver cancer research. National Cancer Institute. (Электронный ресурс). URL: https://www.cancer.gov/types/liver/research (дата обращения: 27.12.2023).
Survival for primary liver cancer. Cancer Research UK. (Электронный ресурс). URL: https://www.cancerresearchuk.org/about-cancer/liver-cancer/survival (дата обращения: 27.12.2023).
Cassinotto C., Nogue E., Durand Q. et al. Life expectancy of patients with hepatocellular carcinoma according to the upfront treatment: A nationwide analysis. Diagn Interv Imaging. 2023 Apr;104(4):192—199. DOI: 10.1016/j.diii.2023.01.002. Epub 2023 Jan 20. PMID: 36682959.
HKUMed sets global precedent: Successfully cures terminal liver cancer through combined ’Reduce and Remove’ strategy with living donor liver transplantation. LKS Faculty of Medicine. The University of HongKong. (Электронный ресурс). URL: https://www.med.hku.hk/en/news/press/20231213-HKUMed-sets-global-precedent (дата обращения: 27.12.2023).
Chi Leung Chiang, Francis Ann Shing Lee, Kenneth Sik Kwan Chan. Survival outcome analysis of stereotactic body radiotherapy and immunotherapy (SBRT-IO) versus SBRT-Alone in unresectable hepatocellular carcinoma. Liver Cancer 1–12. DOI: 10.1159/000533425.
Чекмазов И. А., Иваников И. О., Сапронов Г. В. и др. Рак печени: этиология, патогенез, итоги длительного клинико-эпидемиологического наблюдения. Доказательная гастроэнтерология. 2019;8(1):5—15.
Rosenbaum E. H., Rosenbaum I. R. The will to live. Stanford medicine. (Электронный ресурс). URL: https://med.stanford.edu/survivingcancer/cancers-existential-questions/cancer-will-to-live.html (дата обращения: 27.12.2023)