Եթե դուք այն մարդկանցից մեկն ենք, որ հետևում է Բաքվում տեղի ունեցող «Ֆորմուլա 1» մրցաշարի Գրան Պրիին, ապա մի պահ մտածեք հետևյալի մասին. Ադրբեջանի մայրաքաղաքում սուրացող մրցարշավորդներից կես մղոն հեռավորության վրա է գտնվում այդ երկրի պետական անվտանգության ծառայության շտաբը, որի խցերում, ի թիվս բազմաթիվ այլ քաղբանտարկյալների, տանջանքների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի նախկին հայկական կառավարության ներկայացուցիչները: Բրիտանական The Sunday Times պարբերկանում այսպես է սկել իր հոդվածը սյունակագիր, գրող Դոմինիկ Lոուսոնը։


««Ֆորմուլա 1-ի» Գրան պրին անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ։ Նրանք ապօրինաբար պատանդ են պահվում Բաքվում անցած տարվա սեպտեմբերից՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց վիճելի տարածք, իսկ օրեր անց էլ գերեվարեց նրանց: Համենայն դեպս, ենթադրվում է, որ հայ առաջնորդները (նրան թվում են նաև Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահները) գտնվում են հենց այդտեղ»,- գրում է Դոմինիկ Լոուսոնը։

Նա հավելում է, որ Liberty Media-ի ղեկավար Գրեգ Մաֆֆեյը (Liberty Media-ին է պատկանում «Ֆորմուլայի» բիզնեսը) քննադատել է «Ֆորմուլայի» մրցարշավներից մեկի անցկացումը Բաքվում՝ նշելով, որ նման միջոցառումներն անցկացվում են «Բաքվի նման վայրերում», քանի որ այդ երկրները հսկայական գումարներ են վճարում՝«սպորտվոշ» անելու արտոնությունը ստանալու համար:

Հոդվածագիրն անդրադառնում է նաև նոյեմբերին Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով ամենամյա համաժողովին՝ COP29-ին։ «Իլհամ Ալիևը, որը 2003 թվականին հորից ժառանգեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը և հետո իր կնոջը նշանակեց փոխնախագահ, վերջին օրինակն է, թե ինչպես են ավտոկրատ նավթահեն պետություններն իրենց երեսպաշտությունը քողարկում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ներքո։ Ալիևը հանդգնություն ունի հայտարարելու, որ դա լինելու է «Խաղաղության Cop»։ Չեմ կարող հավատալ, որ այս կարգախոսը կարող էր հորինել Teneo հասարակայնության հետ կապերի բրիտանական ընկերությունը, որը զբաղվում է ադրբեջանական COP29-ով: Նախկինում մեկ այլ բրիտանական PR ընկերություն՝ Portland Communications-ն էր բոլոր հնարավոր լավագույն միջոցներով ջանում Բաքվի ռեժիմին փայլ հաղորդել՝ խոշոր պարգևատրման դիմաց»,-նկատում է նա։


Լոուսոնը հիշեցնում է Իլհամ Ալիևի՝ «Ադրբեջանի նավթի և գազի պաշարներն «աստվածների նվերն» է» խոսքերը՝ միաժամանակ նկատելով, որ Բաքվի համար նվեր էր նաև այն բիզնես հնարավորությունը, որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ «Բաքուն եկավ լրացնելու այն բացը, որն առաջացել էր Եվրոպայում՝ ռուսական գազից հրաժարվելուց հետո»,-նշում է նա՝ միաժամանակ հիշեցնելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու այցն ու Բաքվին որպես «կարևոր էներգետիկ գործընկեր» համարելը։


Հեղինակը մասնավորապես համեմատականներ է տանում Օսմանյան կայսրության՝ ցեղասպանությունից առաջ, և Ադրբեջանի ներկայիս իշխանության պաշտոնական խոսույթների միջև։ Մեջբերում է Իլհամ Ալիևի՝ «Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է» խոսքերը։ «Իրականում, «ներկայիս» Հայաստանն իր պատմական տարածքի ընդամենը 10 տոկոսն է կազմում»,-նկատում է Լոուսոնը և շարունակում․ «Հայաստանը ծով չունեցող փոքր երկիր է, որը չունի այնպիսի ռազմավարական նշանակություն, ինչպիսիք նավթը կամ գազն են: Հենց այս հանգամանքն էլ օգնում է բացատրել այն, թե ինչու է պրագմատիկ արտաքին գործերի նախարարությունը մշտապես խորհուրդ տվել բրիտանական վարչակազմերին՝ չվրդովեցնել Թուրքիային՝ ճանաչելով ցեղասպանությունը»,-ընդգծում է հոդվածագիրը:

Լոուսոնի խոսքով՝ Ադրբեջանին հաջողվել է շահել նաև Վեսթմինսթերյան քաղաքական գործիչների սերը, որոնցից ոմանք 2020 թվականի պատերազմի ժամանակ բացահայտ պրոադրբեջանական քարոզչությամբ են զբաղվել։ Միաժամանակ հավելում է, որ սրան ի հակառակ՝ անցյալ շաբաթ երեք բրիտանացի պատգամավորներ ստորագրել են այն նամակը, որը «Ֆորմուլա 1-ի» ղեկավարին կոչ է անում «դադարեցնել Ադրբեջանի նման ռեժիմներին թույլ տալ սեփական հանցագործությունները սպորտի միջոցով մաքրագործելը»:

Դոմինիկ Lոուսոնի ամբողջական հոդվածը հասանելի է այս հղումով։