Միանշանակ, Ֆրանսիան նպաստում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա, ինչը խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին։ Այս մասին սեպտեմբերի 16-ի առավոտյան Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։


«Սա է Ալմաթիի հռչակագրի իմաստը։ Նույն գաղափարը ներկայացվել է Պրահայում 2022 թվականին»,- ասել է ֆրանսիացի նախարարը՝ հավելելով, որ դա հատկապես կարևոր է հիմա, երբ «Ռուսաստանը ոտնահարում է բոլոր կարևոր սկզբունքները Ուկրաինայում»։

Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Փարիզը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանների սահմանազատման գործընթացին, որը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա. «Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության տարածաշրջան, սա հնարավորություն կտա ընդլայնելու առևտուրը և կբերի Հայաստանի բարգավաճմանը։ Հայաստանը խաղաղություն է ուզում, Ֆրանսիան խաղաղություն է ուզում, միջազգային հանրությունը նույնպես խաղաղություն է ուզում։ Ադրբեջանը շուտով կընդունի COP 29-ը, Բաքուն մինչ այդ պետք է ցույց տա, որ ինքը նույնպես ձգտում է խաղաղության»,- ընդգծել է նախարար Սեժուրնեն։

Միաժամանակ, ֆրանսիացի նախարարը նշեց, որ ԵՄ առաքելությունը պետք է շարունակվի և հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին հաղորդումների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու մեխանիզմ ներդնել։ Նշենք, որ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Երևանի այս առաջարկին։