Ադրբեջանի ներխուժում Արցախի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի Հանրապետության, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 13-00-ի սահմաններում և ուղեկցվել հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։

Հարձակումը սկսվել է զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ, ապա օգտագործվել է անօդաչու թռչող սարքեր, որին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ընթացել են ինտենսիվ մարտեր։ Իբրև թե առաջնահերթ թիրախներ են ընտրվել տարբեր ռազմական օբյեկտները, որոնց ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացվել։ Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ։

Հրետակոծովել են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։ Մարտական գործողություններ են սկսվել շփման գծի ողջ երկայնքով։ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղել ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է ադրբեջանական բանակի մխրճումը։ Ադրբեջանական կողմը տարբեր վայրերում թիրախավորել էր կապի ամբողջական համակարգը։ Բացի ռազմական օբյեկտներից, հրետանու, անօդաչու թռչող սարքերի, և որոշակի հրթիռային համակարգերի միջոցով թիրախավորվել են նաև քաղաքացիական տարբեր օբյեկտներ։ Ադրբեջանական զինված ուժերը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձել են առաջանալ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի պաշտպանության խորքը։ Հայկական զորքերը ցուցաբերել են համառ դիմադրություն։ Հայկական կողմում կան վիրավորներ։

Հարձակմանը նախորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Արցախի Հանրապետության տարածքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում սկսում է տեղային բնույթի «հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգի վերականգնման նպատակով»։ Ձեռնարկված միջոցառումների մասին, ըստ ադրբեջանական կողմի հարղորդագրության, տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաև համատեղ գործող՝ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ադրբեջանական կողմից իրազեկված լինելու փաստը։

Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Ադրբեջանը ցանկացել է Արցախում իրականացնի հայերի էթնիկ զտումներ և վարում է ցեղասպան քաղաքականություն։