Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա 8-րդ տուրը։

Հայաստանի հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի եւ Սերբիայի հետ։ Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), պարտվել է Չինաստանին (1,5:2,5):

Հունգարիայի հավաքականը հաղթել է Սալվադորին (4:0), Պերուին (3,5:0,5), Ավստրիային (2,5:1,5), Իտալիային (2,5:1,5), Ուկրաինային (2,5:1,5), Լիտվային (2,5:1,5), պարտվել է Հնդկաստանին (1:3):

Կանանց Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում կմրցի Մոնղոլիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 11 միավոր եւ բաժանում են 5-14-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ (2:2), պարտվել է Հնդկաստանին (1,5:2,5):

Մոնղոլիայի հավաքականը հաղթել է Գվատեմալային (4:0), Մոնակոյին (3:1), Պերուին (2,5:1,5), Իսպանիային (2,5:1,5), ԱՄՆ-ին (2,5:1,5), ոչ ոքի է խաղացել Գերմանիայի հետ (2:2), պարտվել է Վրաստանին (1,5:2,5):

Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։