ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հազիվ թե հայտարարի ՌԴ-ի խորքին հարվածելու որոշման մասին սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում Զելենսկու հետ հանդիպումից հետո։ Այս մասին տեղեկացրել է The Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։


«Դա բրիտանա-ամերիկյան որոշում է»,- ասել է անունը չնշած դիվանագետը ՆԱՏՕ անդամ երկրից։ «Կարեւոր խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե որտեղով են իրականում անցնում կարմիր գծերը»,- ավելացրել է նա։ Նա հավաստիացրել է, որ ՌԴ «սպառնալիքի մակարդակը» «երբեք այսքան բարձր չի եղել»։

Պարբերականը նշել է, որ անգամ ՌԴ տարածքի խորքին խփելու որոշումը, ամենայն հավանականությամբ, չի փոխի հակամարտության ընթացքը, քանի որ ՌԴ-ն իր ինքնաթիռներն ու հրթիռային համակարգերը հանել է հակամարտությունում օգտագործվող արեւմտյան զենքի խոցման սահմաններից դուրս։ Թերթը նշել է, որ Ուկրաինայում ներքին ռազմական արտադրության ավելացումը եւ անօդաչուների ավելի լայն կիրառումը կարող են ավելի մեծ օգուտ բերել Կիեւին, քան արեւմտյան հեռահար հրթիռների կիրառման մասին որոշումը, որոնց քանակը սահմանափակ է։

 

Ռազմական վերլուծաբանները եւ դիվանագետները, ըստ The Times-ի, համակարծիք են, որ Ուկրաինան ռուսական զորքերը դուրս մղելու շանսեր չունի երկրի արեւելքում, միջնաժամկետ հեռանկարում։ Այս առնչությամբ թերթի աղբյուրներից մեկը նշել է, որ ցանկացած բանակցություն կլինի «շատ, շատ բարդ եւ ցավագին Ուկրաինայի համար»։

Միեւնույն ժամանակ, պարբերականը ընդգծել է, որ արեւմտյան էլիտաները չեն պատկերացնում, թե ինչպես կարող է ավարտվել հակամարտությունը։ The Times-ի համաձայն՝ հակամարտության սառեցումը ճակատի ընթացիկ գծում եւ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ամրագրումը, որոնց մասին խոսում էր Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխախագահի թեկնածու Ջեյմս Դեւիդ Վենսը, դիմակայության «աղետալի արդյունք կդառնային» ՆԱՏՕ մի շարք չինովնիկների աչքում։ «Դա որոշակիորեն չի կարող բանակցությունների հիմք դառնալ»,- նշել է արեւմտյան դիվանագետներից մեկը։