«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խնամի-ծանոթ-բարեկամ կապով իշխանությունը պահող Նիկոլ Փաշինյանը, քրոջ աղջկան պետական համակարգում տեղավորելուց եւ հեռացնելուց հետո, անցավ քրոջ փեսային։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրոջ դուստրը` Ռոնա Ահարոնյանը, մինչեւ վերջերս ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարն էր, ով ազատվեց պաշտոնից հուլիս ամսին՝ սեփական դիմումի համաձայն։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, իր քրոջ աղջկանից բացի, 2022 թվականին պաշտոնի է նշանակել նաեւ նրա ամուսնուն՝ Վլադիմիր Հովհաննիսյանին։


Վերջինս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն է արդեն երկու տարի։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Վլադիմիր Հովհաննիսյանը ՄԻՊ գրասենյակում հասարակ մասնագետի պաշտոնով է աշխատել, ապա դարձել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գլխավոր քարտուղարի տեղակալ։

Կինը եւ ամուսինը պաշտոնավարմանը զուգահեռ երկու տարում համատեղ սեփականությամբ երկու բնակարան են ձեռք բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բնակարաններից մեկի հիփոթեքի մայր գումարի մնացորդը 2024 թվականին կազմել է 14 մլն 459 հազար դրամ։ Սա հերթական ապացույցներից է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անօրեն բան չի մերժում եւ ջուր է լցնում հակաօրինականության ջաղացին»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։