Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի մարտական հրամանատարության հարավային գոտին շաբաթ օրը ռազմածովային եւ ռազմաօդային ուժեր է ուղարկել պլանային զորավարժությունների անցկացման համար, որոնցում մշակվելու են հետախուզական, վաղ նախազգուշացման եւ պարեկման գործողություններ Հուանյան կղզու մոտ, տեղեկացրել է «Սինհուան»։


Չինական զորավարժությունները ներառելու են վաղ նախազգուշացման եւ հետախուզական «սովորական» վարժանքներ, պարեկում Սկարբորո ծանծաղուտի մոտ, նշվել է բանակի հրամանատարության հայտարարությունում։

«Զորքերը պահպանում են զգոնության բարձր աստիճանը՝ վճռականորեն պաշտպանելով ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը, ծովային իրավունքները եւ շահերը, (եւ) ամուր պահպանում են խաղաղությունն ու կայունությունը Հարավչինական ծովում»,- նշվել է բանակի հայտարարությունում։


Սկարբորոն ամենավիճելի ափերից մեկն է Ասիայում, գտնվում է Ֆիլիպիններից 200 կիլոմետր հեռու, նրա բացառիկ տնտեսական գոտում, գրել է Reuters-ը։

Չինաստանը հավակնում է գրեթե ողջ Հարավչինական ծովին, ներառյալ աթոլը, որը հայտնի է հարուստ ձկնապաշարներով, չնայած Բրունեյի, Մալայզիայի, Ֆիլիպինների եւ Վիետնամի հավակնություններին այդ աշխույժ ջրային ճանապարհի հանդեպ։