«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը միջոցառման համար ավելի շատ գումար է ծախսել, քան Երեւանում նոր ծառերի տեղադրման համար։


Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձեւաչափով Թումանյանի անվան այգում կայացավ «Երեւան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երեւանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի լավագույն եւ ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես եկան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը եւ երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:

Ելույթների այս շքերթը, որով ներկայանում էր Yerevan Classic Fest միջոցառումը, Երեւան քաղաքի բյուջեի համար արժեցավ 339 մլն 986 հազար դրամ՝ գրեթե 877 հազար ԱՄՆ դոլար։

Տվյալները «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է պաշտոնական աղբյուրներից: Համեմատության համար նշենք, որ գարնանը տնկված նոր ծառերի՝ Սակուրայի, Սոսիի, Թխկիի, Թեղիի, Կատալպայի, Սաֆորայի, Ալբիցիայի, Ձիակասկի, Հուդայածառի, Կեյլեթերիայի համար նախատեսվել էր, 148 մլն դրամ՝ գրեթե 382.000 դոլար։ Ստացվում է, որ Երեւանի բյուջեի համար քաղաքի ծառերը կտրելը, էտելը եւ նորը տեղադրելն ավելի էժան գործողություններ են, քան մի քանի օր համերգ կազմակերպելը։

Եվ այստեղ է, որ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի աշխատանքն իր «հմայքով» առաջ է գալիս. կանաչապատումը պակաս կարեւոր է քաղաքում, քան երգ-երաժշտության աներեւույթ ելեւէջները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։