Միջուկային զենքի օգտագործումը կհանգեցնի Հյուսիսային Կորեայում «վարչակարգի ավարտին»։ Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Սոնամի օդանավակայանում, Զինված ուժերի օրվա առիթով տեղի ունեցող հանդիսավոր արաողության ժամանակ։
«Եթե Հյուսիսային Կորեան փորձի միջուկային զենք օգտագործել, կբախվի մեր եւ ԱՄՆ բանակի վճռական պատասխանին։ Այդ օրը կդառնա Հյուսիսային Կորեայի վարչակարգի վերջին օրը»,- ասել է նախագահը։ Նրա ելույթը հեռարձակել է KBS հեռուստաալիքը։
Հարավային Կորեայի նախագահը նաեւ հայտնել է, որ կամրապնդի Հարավային Կորեայի, ԱՄՆ եւ Ճապոնիայի եռակողմ համագործակցությունը։
Յուն Սոկ Յոլը նշել է, որ Կորեայի Հանրապետության ռազմավարական հրամանատարությունը, որը պաշտոնապես սկսում է աշխատանքը հոկտեմբերի 1-ից, կդառնա կարեւոր ստորաբաժանում միջուկային զենքից երկրի պաշտպանության հարցում։ Նրա տնօրինության տակ են գտնվում սպառազինությունների այնպիսի համակարգեր, ինչպիսին են «Հյոնմու» բալիստիկ հրթիռները, F-35 կործանիչները եւ բալիստիկ հրթիռներով սուզանավերը։ Սպասվում է, որ այդ հրամանատարությունը սերտորեն կհամագործակցի ԱՄՆ ԶՈւ Ռազմավարական հրամանատարության հետ, որը պատասխանատու է ամերիկյան միջուկային զինանոցի համար։
Ենթադրվում է, որ Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կքննարկեն համատեղ գործողությունները՝ ամերիկյան ռազմավարական միջոցների եւ հարավկորեական բանակի սովորական սպառազինությունների ներգրավմամբ։