Բազմաթիվ վիրահատությունները կարող են նպաստել տարեց մարդկանց մտածողության վատացմանը։ Այս մասին վկայում է The Lancet Healthy Longevity ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Գիտնականներն ուսումնասիրել են 40-69 տարեկան բրիտանացի պացիենտների տվյալները։ Մի քանի վիրահատությունների ենթարկված մարդիկ մի փոքր ավելի հաճախ են տառապել հիշողության, արձագանքի ժամանակի, խնդրից խնդիր ուշադրությունը տեղափոխելու եւ որոշումներ ընդունելու հետ կապված խնդիրներով։

Յուրաքանչյուր լրացուցիչ վիրահատություն խորացրել է այդ խնդիրները։ Օրինակ, արձագանքի ժամանակն ավելացել է մի քանի միլիվայրկյանով։

Ուղեղի ՄՌՏ պատկերները ցույց են տվել, որ բազմաթիվ վիրահատությունները հանգեցրել են փոփոխությունների հիպոկամպում։ Այդ գոտին պատասխանատու է հիշողության եւ ուսուցման համար։ Վիրահատությունների ենթարկված ապցիենտների մոտ ավելի շատ են վնասված եղել գլխուղեղի անոթները։

Գիտնականները նշել են, որ ընդհանուր առմամբ վիրահատություններն ուղեղի համար եղել են անվտանգ։ Զգուշություն պետք է ցուցաբերել տարեց պացիենտների դեպքում. մի քանի վիրահատությունների ընդհանուր էֆեկտը կարող է նկատելի լինել նրանց համար։

«Եթե վիրահատությունը բուժման լավագույն կամ միակ միջոցն է, պացիենտներին կարելի է հավաստիացնել, որ կոգնիտիվ վնասը յուրաքանչյուր վիրահատությունից միջինն այնքան էլ մեծ չէ»,- նշել են գիտնականները։