Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը այն ժամանակ և այն կերպ, ինչպես և երբ տեղին կհամարի, հայտարարել է իսրայելական բանակի ներկայացուցիչը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Իսրայելին զենքի մատակարարման էմբարգո սահմանելու մասին, խայտառակություն է համարել և հայտարարել, որ իր երկիրը բոլորին կհաղթի անգամ առանց Արևմուտքի աջակցության։ Նեթանյահուն շաբաթ երեկոյան հայտարարել է, որ Իսրայելը պարտավորություն և իրավունք ունի պատասխանելու Իրանի հրթիռային հարվածին և խոստացել է դա անել։
«Իրանն արդեն երկու անգամ հարյուրավոր հրթիռներ է արձակել մեր տարածքի, մեր քաղաքների ուղղությամբ՝ իրականացնելով բալիստիկ հրթիռների՝ պատմության մեջ ամենախոշոր հարձակումը։ Աշխարհի ոչ մի երկիր նման հարձակում թույլ չէր տա իր քաղաքների և քաղաքացիների նկատմամբ, դա վերաբերում է նաև Իսրայելի Պետությանը։ Իսրայելն իրավունք և պարտավորություն ունի պաշտպանել իրեն և արձագանքել այդ հարձակումներին, և մենք դա կանենք»,- ժողովրդին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Նեթանյահուն