Մահացել է Մադոննայի եղբայրը՝ Քրիստոֆեր «Քրիս» Ջերարդ Սիկոնեն։ Փոփ աստղի եղբայրը մահացել է քաղցկեղից. նա 63 տարեկան էր։ Մադոննան Instagram-ում հուզիչ գրառում է կատարել՝ ի հիշատակ եղբոր՝ անվանելով նրան վերջին շրջանի իր «ամենամոտ մարդը»։
66-ամյա Մադոննան իր և Քրիստոֆերի լուսանկարների շարքի հետ մեկտեղ մանրամասներ է ներկայացրել միասին անցկացրած ժամանակի մասին:
«Դժվար է բացատրել մեր կապը. Բայց դա առաջացավ այն գիտակցումից, որ մենք տարբեր էինք, և հասարակությունը մեզ ծանր իրավիճակների առաջ պետք է կանգնեցներ, քանի որ մենք չէինք հետեւում ստատուս քվոյին»,- գրել է Մադոննան:
Մադոննան նաեւ գրել է, թե ինչպես է Քրիստոֆերը հետևել իրեն, երբ նա «վերջապես համարձակություն է ձեռք բերել» գնալ Նյու Յորք և դառնալ պարուհի:
«Եվս մեկ անգամ մենք ձեռք ձեռքի բռնեցինք և պարեցինք Նյու Յորքի խելագարության միջով: Մենք սոված կենդանիների պես խժռում էինք արվեստը, երաժշտությունն ու կինոն: Մենք այս բոլոր պայթյունների էպիկենտրոնում էինք»,- հիշում է Մադոննան։ «Մենք պարում էինք ՁԻԱՀ-ի համաճարակի խելագարության միջով: Մենք գնում էինք թաղումների, լալիս էինք ու գնում էինք պարելու։ Մենք միասին պարել ենք բեմում իմ կարիերայի սկզբում, և նա, ի վերջո, դարձավ իմ բազմաթիվ հյուրախաղերի ստեղծագործական տնօրենը: Երբ բանը հասնում էր ճաշակին, իմ եղբայրը Հռոմի պապն էր, և պետք էր համբուրել նրա մատանին՝ նրա օրհնությունը ստանալու համար»:
«Մենք մարտահրավեր նետեցինք Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, ոստիկանությանը, բարոյական մեծամասնությանը և բոլոր պետական պաշտոնյաներին, որոնք կանգնած էին ստեղծագործական ազատության ճանապարհին», - ավելացրել է Մադոննան: «Եղբայրս իմ կողքին էր: Ես հիանում էի նրանով։ Նա ուներ անբասիր ճաշակ եւ սուր լեզու, որը նա երբեմն օգտագործում էր իմ դեմ, բայց ես միշտ ներում էի նրան»,- գրել է նա։
«Ինչ-որ կերպ մենք միշտ նորից գտնում էինք միմյանց, ձեռք ձեռքի բռնում ու շարունակում պարել», -հավելել է երգչուհին:
«Վերջին մի քանի տարիները հեշտ չեն եղել», - եզրափակել է Մադոննան,-«Մի որոշ ժամանակ չխոսեցինք, բայց երբ եղբայրս հիվանդացավ, գտանք միմյանց մոտ վերադառնալու ճանապարհը։ Ես ամեն ինչ արեցի, որպեսզի նա հնարավորինս երկար ապրի: Նա այնքան չարչարվեց վերջին շրջանում։ Մենք նորից ձեռք ձեռքի բռնեցինք։ Մենք փակեցինք մեր աչքերը և պարեցինք միասին»: