Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթից և հետագա սերտ փոխգործակցության իրենց պատրաստակամությունից։ Քննարկվել են երկկողմ և միջազգային որոշ արդիական թեմաներ, դրանց թվում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր զարգացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել զարգացնել երկխոսությունը երկու երկրների ղեկավարության միջև։

«Նշելով, որ թուրք -ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու աշխուժացումը գոհունակություն է առաջացնում, նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կշարունակվի»,-ասված է X սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Անկարան և Մոսկվան «մոտ ապագայում տարածաշրջանային և համաշխարհային խնդիրների շուրջ կշարունակեն հանգամանալից քննարկումները»։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայնություն է հաստատվել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում Պուտինի և Էրդողանի միջև առանձին հանդիպում անցկացնելու վերաբերյալ։