Շատերի կողմից խոսվում է այն մասին, որ այս ՔՊ-ական պարագլուխները տևական հանցագործություններ են գործում տարբեր աստիճանի, տարբեր որակների: Հիմա ժամանակն է, որ այդ հայտարարություններն իրավական դաշտ փոխանցվեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց արցախյան երրորդ պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Նա շարունակեց. «Նախ, որպեսզի այդ հայտարարությունները մերկապարանոց չհնչեն, իրավական հիմք ունենան, եւ մենք հասկանանք՝ ընթացք տալի՞ս են այդ հանցանքներին: Մենք այդ հանցանքների գնահատականը պետք է կարողանանք ստանալ նաեւ մեր ժողովրդի պահանջով:
Ես իրատես եմ, ես գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, որովհետեւ դատախազը բացահայտ հայտարարել է, որ ինքը զեկուցում է այսօրվա վարչապետին, այսինքն նա կատարում է վարչապետի հրահանգները: Այսինքն իրավական համակարգը գտնվում է իր ափի մեջ:
Հիմա մարդը ափը բաց է թողել, հեծանիվ քշելով է զբաղված, ես այստեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում: Դրանով նա ասում է՝ ես իրավիճակին չեմ տիրապետում, անցել եմ իմ սպորտաձեւին»:
Խաչիկ Մանուկյանի խոսքով, եթե նույնիսկ հիմա դատախազությունն ընթացք չտա իրենց դիմումներին, իրենք պարտավոր են իրավական դաշտ փոխանցել իրենց հայտարարությունները. «Ես գիտեմ, որ դարակազմիկ հանցագործների հետ գործ ունեմ, ես գիտեմ, որ իրավական գնահատականը լինելու է, լինելու է նաեւ քաղաքական գնահատական իշխանափոխությունից հետո: Այդ ժամանակ վստահորեն կասեմ, որ այո, արդարադատությունը հաղթելու է»:
Խաչիկ Մանուկյանը խոսեց նաեւ Ռուսաստանի ԱԳ նխարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին՝ նշելով. «Ինձ համար իր հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, ես նրան համարում եմ ժամկետանց քաղաքական գործիչ: Այն, որ պատերազմ եղավ իրենց երկու եղբայր պետությունների միջեւ, ես սա համարում եմ նաեւ իրենց դիվանագիտական պարտությունը: Նրա ասածն ինձ համար որեւէ հիմք չէ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՍԴ-ի դիմաց կայացած ակցիայի ժամանակ Բագրատ Սրբազանը նշել էր. «Չորեքշաբթի՝ ժամը 12-00-ին, եղեք դատախազության առջև, որովհետև մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու։
Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքին։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»: