Ավելի քան 3 միլիոն դիտում՝ 2 շաբաթում, 1000-ից ավելի մեկնաբանություն ու հիշվող կրկներգ, որը պտտվում է շատերի գլխում․ խոսքն, իհարկե, Լիլիթ Հովհաննիսյանի վիրուսային դարձած երգի ու տեսահոլովակի մասին է, որում երգչուհու հերոսուհին նախկին սիրելիին «հորդորում է» իր նոր ընկերուհուն ասել, որ ուզածին հասել է՝ հայտնվելով նրա գրկում։
Իսկ ո՞վ է այն երիտասարդը, որին անդադար մեղադրում է տեսահոլովակի հերոսուհին։ Նրա անունը Էդվարդ Մոքետե է, եւ ինչպես խոստովանում է ամերիկյան եւ դոմինիկյան արմատներ ունեցող դերասանը՝ արդեն հասցրել է զգալ հայերի հետաքրքրությունն իր հանդեպ։ NEWS. am STYLE-ի հետ զրույցում Էդվարդը պատմել է, թե ինչպես է դարձել Լիլիթի «տեսահոլովակի տղան», ու ինչ արձագանքներ է ստացել երաժշտական հոլովակի թողարկումից ի վեր։
Դերասանը նշում է՝ տեսահոլովակում հայտնվել է քասթինգն անցնելուց հետո։ «Ես շատ ոգեւորվեցի, երբ ռեժիսորը զանգահարեց ու ասաց, որ ես եմ ընտրվել այդ դերի համար։ Սկզբում չգիտեի, թե ում տեսահոլովակի մասին է խոսքը, ու շատ հաճելի էր, երբ բացահայտեցի, որ Լիլիթի տեսահոլովակում եմ նկարահանվելու»,-պատմում է նա։
Էդվարդը ծանոթ էր հայ երգչուհու երգերից մի քանիսին․ բարերից մեկում մի անգամ լսել էր «Ուշ ա» երգը, եւ ինչպես նշում է՝ շատ էր հավանել։ «Բայց ես այդ ժամանակ չգիտեի, որ այդ երգը Լիլիթն է երգում։ Զավեշտալի է, թե ինչ հետաքրքիր ամեն ինչ դասավորվեց ու ես հնարավորություն ունեցա անձամբ նրա հետ աշխատելու»։
Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Edward Moquette (@edwardmoquette)
Դերասանի խոսքով՝ հայերեն չիմանալու պատճառով սկզբում մի փոքր դժվարացել է հականալ իր դերը, սակայն Լիլիթը բացատրել է նրան երգի իմաստը, որից հետո «մտել է դերի մեջ» ու կարծում է՝ լավ է ստացվել։ Էդվարդը նշում է՝ նույնիսկ հասցրել է հայերեն բառեր սովորել։
«Սովորել եմ մի քանի բառեր, օրինակ՝ «բարեւ» եւ «լավ»։ Նաեւ սովորել եմ «սիրուն» բառը, որովհետեւ ուզում էի Լիլիթին հաճոյախոսել։ Մինչեւ այդ դա անում էի անգլերենով, հետո կարողացա նաեւ հայերենով անել»,-կատակում է նա։
Լոս Անջելեսում բնակվող դերասանը հավելում է՝ Հայաստանի մասին նախկինում էլ գիտեր, ունի հայ ծանոթներ։ «Լոս Անջելեսում կա համայնք, որը կոչվում է «Փոքրիկ Հայաստան», այնպես որ՝ այստեղ հաճախ եմ հայերի հանդիպում։ Այստեղ լինելուս ընթացքում մի քանի հայ ընկերներ եմ նաեւ ձեռք բերել»։
Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Edward Moquette (@edwardmoquette)
Վերադառնալով նկարահանումներին՝ դերասանը նշում է՝ հայկական թիմի հետ աշխատելը «հրաշալի փորձ էր»։ «Նկարահանման հրապարակում բոլորն անսահման տաղանդավոր էին, իսկ Լիլիթը ֆանտաստիկ էր։ Նա կարողանում է եւ երգել, եւ պարել, եւ խաղալ, եւ ինձ համար ոգեշնչող էր աշխատել մեկի հետ, ով բազմակողմանի տաղանդ ունի։ Ես, միանշանակ, տպավորված էի»։
Դերասանին ոգեւորում են նաեւ հայերի նամակները, որոնցում նա իրեն ուղղված բարի խոսքեր է ստանում։ «Հայերից շատ նամակներ եմ ստանում։ Բոլորն այնքան բարի են ու աջակցող։ Ես փորձում եմ բոլորին պատասխանել»։
Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Edward Moquette (@edwardmoquette)
Ինչ վերաբերում է Էդվարդի դերասանական գործունեությանը, նա նկարահանվել է HBO-ի «Բերրի» շոուում, բայց ասում է՝ Լիլիթ Հովհաննիսյանի տեսհոլովակն իր մասնակցությամբ ամենասիրելի նախագծերից է դարձել։ «Անհավանական է, որ այն արդեն դիտել է 3 միլիոն մարդ․ դա, ուղղակի, խենթություն է»։
Դերասանի խոսքով՝ ազատ ժամանակ սիրում է երաժշտություն լսել, նոր տեղեկություն հավաքել իրեն հետաքրքրող թեմաների շուրջ, նաեւ ստենդափ շոուներ դիտել։
Մայիսին կթողարկվի Էդվարդի մասնակցությամբ «Ստվերների միություն»/Shadow Unit/ կոչվող ֆիլմը, իսկ օրերս ավարտել է նկարահանումները «Դեղին քանդված ճանապարհը»/Yellow Broken Road/ ֆիլմում, որը նրա խոսքով՝ եւս էկրաններին կլինի մյուս տարի։ «Անհամբեր սպասում եմ, թե երբ մարդիկ, վերջապես, կդիտեն այս երկու նախագծերը»,-ասում է նա։