«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Եվրոպական միության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնող արտախորհրդարանական ուժերը, որոնք դեռ սեպտեմբերի 16-ից ստորագրահավաք են անցկացնում, գոհ չեն արդյունքներից:

«Ժողովուրդ» օրաթերթը նախաձեռնողներից տեղեկացավ, որ պահանջվող 50 հազար ստորագրությունների 2/3-ն է հավաքվել մինչ օրս, այսինքն՝ մոտ 33 հազար, մինչդեռ սպասելիքներն ավելի մեծ են եղել: Եթե հաշվի առնենք, որ ստորագրահավաքը ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մյուս քաղաքներում եւս անցկացվում է, ապա հավաքված ստորագրությունների թվերը, մեղմ ասած, խոստումնալից չեն: Իսկ եթե նաեւ հաշվի առնենք, որ ԱԺ-ում մերժվելուց հետո նույն թիմով շուրջ 300 հազար ստորագրություն հավաքելու անհրաժեշտություն է լինելու, ապա լուրջ խնդիր է:

«Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար նախաձեռնող քաղաքական ուժերը պետք է մինչեւ նոյեմբերի 14-ը 50 հազար ստորագրություն հավաքեն։ Եթե արտախորհրդարանական ուժերի նախագիծը հասնի ԱԺ ու մերժվի, ապա երկրորդ փուլով նախագիծը կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար քաղաքացի ստորագրի նույն պահանջի տակ:

 

Ի դեպ, խորհրդարանում մերժվելու սցենարը շատ հավանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ եւս նա խստորեն հրահանգել է՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե չի կարող Հայաստանում անցկացվել»։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում