Եվրամիությունը չի կարող Ուկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ, գրում է The Washington Post-ը։

«Կարծում եմ, որ այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է։ Եթե ​​ուկրաինացիներն ունենան նյութեր և գումար, նրանք կարող են ինքնուրույն լուծել այս խնդիրը շատ ավելի արագ»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:


Պարբերականը նշում է, որ Եվրամիության վերջին որոշումը՝ 440 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը վերականգնելու համար, նոր մոտեցում է ԵՄ-ում և բացահայտում է նրանց պաշտպանական հատվածի թերությունները։ Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարների զենք են ուղարկել Ուկրաինա, նրանց պաշտպանական արդյունաբերությունը երկար ժամանակ կենտրոնացել է ավելի քիչ հակամարտություններով միջազգային միջավայրի վրա: