«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սեւանա լճի լողափնյա տարածքում հանրապետությունում լողի մասսայականացման եւ առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսի 17-ին անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։
Այս քարոզչությունը մեր երկրի աղքատիկ բյուջեի վրա արժեցել է 20 մլն 114 հազար ՀՀ դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լողի մրցաշարի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տրամադրել է 20 մլն 114 հազար դրամ՝ գրեթե 52 հազար դոլար։ Եղել են դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի, 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ։
Նշենք, որ հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները ներառված չեն: Կնքված պայմանագրերի տպագրված գովազդային նյութերի, մարզաշապիկների, հուշանվերների, հուշամեդալների եւ հավաստագրերի եւ այլ իրերի համար հատկացվել է 2 մլն 236 հազար դրամ։ Մրցաշարի անցկացման, պարգեւատրման անցկացման, տեսահոլովակի առկայության, հեռարձակման ապահովման համար վճարվել է 16 մլն 872 հազար դրամ։
Հարկերը ներառյալ՝ պայմանագրի արժեքը կազմել է 20 մլն 114 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրների ցտեղեկացավ, որ Պայմանագիրը կնքվել է ԿԳՄՍՆ-ի եւ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» ՍՊԸ-ի միջեւ։
Նշված ընկերությունը 2024 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետական գերատեսչությունների հետ կնքել է գնման հինգ պայմանագիր, որից չորսը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, մեկը՝ Երեւանի քաղաքապետարանի։
Կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 86 մլն դրամ։