Քյարամյան–Աղազարյան վեճը պետք է գնահատվի և հանգուցալուծվի։ Այս մասին այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ, ստվերեց ամբողջ ծավալի աշխատանքը ու բովանդակությունը։ Բոլոր ուժային կառույցները հաշվետվողականության բարձր մակարդակով հայտնվեցին Ազգային ժողով, որը ձեռքբերում էր»,- նշեց նա։
Քոչարյանն ասաց, որ ԱԺ–ում լսումների թեմայով խոսել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաշինյանի հետ լսումների թեմայով խոսել ենք, տեսակետներով կիսվել ենք իրար հետ։ Կարծում եմ՝ Փաշինյանը ողջունում է այս լսումները»։
Հարցին՝ վեճի մասին արդյո՞ք խոսել է Փաշինյանի հետ, Քոչարյանն ասաց. «Ոչ, վեճը բոլորը տեսել են։ Վեճը պետք է գնահատվի և դա պետք է հանգուցալուծվի»։
Հարցին՝ հանգուցալուծումը ե՞րբ է լինելու, Քոչարյանն ասաց. «Կարծում եմ՝ շատ չի ուշանա, որովհետև առողջացումը շատ կարևոր է։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, որ ինքը գոռգոռացել է այն ՔՊ–ականների վրա, որոնք չէին մասնակցել լսումներին, Անդրանիկ Քոչարյանը հերքեց. «Իհարկե չեմ գոռգոռացել։ Ես իմ էմոցիաներն ի վիճակի եմ զսպելու։ Չնայած բազմաթիվ դրվագներ եղան, որ ես կարող է նաև դուրս գայի համբերությունից։ Բացակայությունը չնկատվեց, որովհետև մասնակիցներ թե՛ հարցադրումները, թե՛ ելույթները... նույնիսկ այնպիսի իրավիճակ առաջացավ, որ ժամանակային առումով ես չէի կարողանում ժամանակը ճիշտ կառավարել, որպեսզի բոլորը իրենց ասելիքն ասեին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև թեժ վիճաբանություն տեղի ունեցավ: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարել է, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատել ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը: Արգիշտի Քյարամյանն էլ արձագանքել է, թե այս երկրում չկա որևէ անձ, որը կարող է իր ասածների վերաբերյալ ռեպլիկներ բաց թողնել։ «Տղայական» խոսակցությունը ԱԺ լսումների ժամանակ թեժացել է այն պահին, երբ Քյարամյանը հայտարարել է, թե Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քրգործով իրեն «զանգել են»։ Աղազարյանն էլ բորբոքված պահանջել է անուններ հրապարակել։
Հատկանշական էր նաև այն, որ Աղազարյանն ու Քյարամյանը նստած էին կողք կողքի եւ մթնոլորտն այնքան էր լարվել, որ հնչեցին վիրավորանքներ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ստիպված էր մոտենալ ու հեռու տանել Քյարամյանին, որ բանը չհասնի բռունցքների: