Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քրեագետ Սերգեյ Գալոյանն անդրադարձավ Արտուշ Հակոբյանի և նրա ընկերների քրեական գործին, որն առավել հայտնի է որպես Բանդայի գործ: Նա նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Նապոլեոն Ազիզյանի բնակարանից գողացվել են իրեր և թանկարժեք նկարներ:

«Թանկարժեք նկար ասվածը մի քիչ հարաբերական է, այսպիսի քրեական գործ չպետք է լիներ, մարդիկ պետք է պարզեին թե ինչ նկարների մասին է խոսքը: Մեղադրական եզրակացություն տալուց առաջ պետք է քննել գործը», - նշեց նա:

Նա նշեց, որ Արտուշ Հակոբյանը համարվում է ավազակախմբի ղեկավար, սակայն նա այդպես չի կարծում: Նա ներկայացրեց նաև 2011թ. սեպտեմբերի 23-ի Արտուշ Հակոբյանի և նրա հոր հեռախոսային խոսակցությունը, որի ժամանակ հոր պատմածներին ի պատասխան նա նշել է, որ կապ չունի այդ ավազակախմբի հետ: Նա նշեց, որ այդ խոսակցության հաջորդ օրը նա պատշաճ կերպով հագնված գնում է տոնակատարության, որտեղ էլ ձերբակալվում է:

«Եթե նա լիներ ղեկավար, նա կփախչեր երկրից, ոչ թե կգնար հաջորդ օրը տոնախմբության», - մեկնաբանեց նա:

Քրեագետը նշեց, որ հավատում է, որ այս տները թալանված են, սակայն չի հավատում, որ այս ամենի ղեկավարը Արտուշ Հակոբյանն է:

«Ոչ տուժողներն են ճանաչում նրան, ոչ էլ բանդայի մարդիկ: Նրանք ծանոթացել են հենց դատարանի դահլիճում: Խոսակցություններ կան, որ նա ղեկավարել է բանդան Հովհաննիսյան Գուրգենի միջոցով, այս գործը կորսված է , շուրարված»« - նշեց նա:
Անդրադառնալով Արման Դալաքյանի մահվան, նա նշեց, որ իր համար այդ պատմությունը դեռևս մութ է մնում և կկարողանա կարծիք հայտնել միայն պատմությանը ծանոթանալուց հետո: