Կապի ծառայություններ մատուցող Intelsat ընկերության արբանյակն անսպասելիորեն կործանվել է և մասերի բաժանվել, հայտնում է PCMag-ը։ Փորձագետները ենթադրում են, որ դա կարող էր տեղի ունենալ այլ արբանյակների տիեզերական բեկորների հետ բախման կամ շարժիչի պայթյունի պատճառով:


Գեոստացիոնար Intelsat 33e արբանյակի մոտ «անոմալիա» էր գրանցվել, ինչպես հաղորդել էր կառավարությունների, հեռահաղորդակցության և մեդիա ընկերությունների համար ինտերնետ կապ ապահովող ընկերությունը: Այդ ժամանակ Intelsat-ը միայն տեղեկացրել էր, որ արբանյակը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ծառայության խափանում է առաջացել։ Սակայն ԱՄՆ ռազմաօդային ուժերն արբանյակի մոտ բեկորներ էին արձանագրել։ «Ներկայումս մենք հետևում ենք մոտ 20 բեկորների, և իրավիճակը վերլուծվում է»,- X-ում հայտնել էր ԱՄՆ տիեզերական ուժերի արբանյակներին հետևող ստորաբաժանումը:

Ըստ աստղագետ և արբանյակների հետագծման հարցերով մասնագետ Ջոնաթան Մակդաուելի՝ թեև Intelsat 33e-ի կործանման պատճառը դեռևս պարզ չէ, կա հավանականություն, որ արբանյակը կարող էր բախվել նախկինում գոյություն ունեցող տիեզերական բեկորների հետ, ինչն էլ դարձել է դրա կործանման պատճառը։ Մեկ այլ հնարավոր պատճառ, նրա կարծիքով, կարող է լինել սարքի բաղադրիչներից մեկի պայթյունը։


Intelsat 33e-ն ուղեծրում էր Երկրից մոտ 35,000 կմ բարձրության վրա: Ներկա պահին դրա բեկորներն անմիջական վտանգ չեն ներկայացնում, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն ​​կարող է վտանգի աղբյուր դառնալ։ Ըստ Մակդաուելի հաշվարկների՝ այս բարձրության վրա գեոստացիոնար ուղեծրում արդեն տեղի է ունեցել 16 նման դեպք։


«Կարծում եմ, որ գեոստացիոնար ուղեծրում բեկորների հետ կապված բոլոր այս միջադեպերի համադրությունն սկսում է մտահոգություն առաջացնել նույնիսկ փոքր բեկորների՝ այլ արբանյակներին հարվածելու ռիսկի մասին, բայց ես քանակական գնահատական չունեմ»,- ասել է նա:


Intelsat-ը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել միջադեպի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ընկերության նախնական հայտարարությունում ասվում է, որ այն «սերտորեն համագործակցում է արբանյակն արտադրած Boeing ընկերության հետ՝ խնդիրը լուծելու համար»: Intelsat 33e-ը գործարկվել է 2016-ին և 2017-ին սկսել է կապի ծառայություններ մատուցել Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ մասերի հաճախորդներին: