Օրերս Չեխիայում պաշտոնական այցի շրջանակում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա եւ Հայաստանի տարածքներն օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից: Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձեւ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ի վերջո, այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձեւեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Որ Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն եւ թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում եւ ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը, ՀՅԴ-ն, եւ նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում: Խոսքը լեգիտիմ իրավունքի մասին է, եւ որեւէ նոր բան իմ ասածի մեջ չկա:
Իսկ ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը, թե որն է հիմարություն, որն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ՝ դրա պատասխանը տվեց»:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ ՄԱԿ-ի բանաձեւերը չեն վերաբերել Արցախի կարգավիճակին, այլ վերաբերել է կրակի, ռազմական գործողությունների դադարեցմանը. «ՄԱԿ-ի բանաձեւերը նույնիսկ աննշան Ադրբեջանին որեւէ լեգիտիմ իրավունք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու եւ Արցախի օկուպացիայի համար»,-ասաց նա:
ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ կարելի է ինչ-որ մի բառից կախվել եւ դրա շուրջ հարց կառուցել, թեզ կառուցել, փորձել ինչ-որ բան ապացուցել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել եւ կա:
Ես պատրաստ եմ քննարկման, բայց դուք այստեղ բազմիցս այդ քննարկումը ծավալել եք եւ բազմիցս տապալվել եք»: