Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ը լիակատար պատասխանատվություն է կրելու Թեհրանի դեմ Իսրայելի հնարավոր ագրեսիայի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության սպառնալիքի համար։ Այս մասին նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի նամակում՝ ուղղված ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին։

«ԱՄՆ-ը իր գործողություններով խափանում է խաղաղությունը տարածաշրջանում եւ պատասխանատվություն է կրում իսրայելական ագրեսիայի հնարավոր հետեւանքների համար»,- ընդգծել է Իրավանին։ Իր նամակում նա նաեւ նշել է, որ Ամերիկան մասնակցում է Իսրայելին աջակցությանը, որը ռազմական հանցագործություններ եւ ցեղասպանություն է կատարում Գազայի եւ Լիբանանի խաղաղ բնակիչների նկատմամբ։

Իրավանիի խոսքով՝ Վաշինգտոնը Իսրայելին տրամադրում է առաջավոր սպառազինություն եւ տեխնիկական աջակցություն, ինչը նպաստում է թեժացմանը։

Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ դատապարտել ԱՄՆ սադրիչ գործողությունները եւ Վաշինգտոնից պահանջել դադարեցնել Իսրայելի ագրեսիվ գործողությունների աջակցությունը, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ սպառնում միջազգային անվտանգությանը։


Մինչ այդ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է գաղտնի փաստաթղթերի արտահոսքի փաստով, որոնք հետախուզական տվյալներ են պարունակում Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարված հասցնելու պլանների մասին։