Այն թեկնածուները, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարի պաշտոնի համար, նրանց 80 տոկոսն ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որ հիմա զբաղեցնում են և ուզում են մնալ իրենց տեղերում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում նախարար ընտրել:


«Ստացվում է՝ մարդուն տանում, մի տեղ նշանակում ես, ինքը 1 ամիս կամ մեկ տարի աշխատում է, հետո դու իրեն պոկում ես, բերում այլ տեղ: Մենք սխալ բան ենք արել, քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից այդ մարդն իր համաձայնությունը տվե՞լ է, թե չի տվել: Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ, որպեսզի ավելի բաց լինի»,- ասաց նա:

Սիմոնյանը հստակեցրեց՝ թեկնածուները չեն ցանկանում լինել նախարար, որովհետև իրենք լուրջ մասնագետներ են իրենց ոլորտներում. «Մենք էլ ցանկանում ենք ծանրակշիռ մարդկանց առաջադրել: Բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք արդեն կունենանք թեկնածու»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ նոր անուններ կան, բայց չի կարող ասել:

Հարցին՝ գործո՞ւմ է այն սկզբունքը, որ պետք է պարտադիր լինի կուսակցության անդամ արդարադատության նախարարը, Սիմոնյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ արդեն դա արդեն պետք է վերանայենք, նաեւ հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն:: Մենք նմանատիպ լավ փորձեր ունենք»:

Հարցին էլ՝ եթե իրենց մեջ չեն գտնում թեկնածուի, կադրերի սո՞վ կա, Սիմոնյանը պատասխանեց. «Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում, մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին ինչպիսին է արդարադատությունը: Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսանկյունից ենք նայում. պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»:

Ինչ վերաբերում է թեկնածուների մերժման չափանիշներին ու պատճառներին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կոնկրետ չափորոշիչ չկա, որ դու բոյով ես, կամ ցածրահասակ ես, եւ մենք քեզ չենք ընտրում: Քննարկել ենք, հարցեր ենք տվել, թեկնածուներն իրենց տեսլականն են ներկայացրել: Որոշումն այդպես է կայացվել, որ դեռ չունենք այն ցանկալի թեկնածուին, որին մենք այդ մեծ բեռը կտանք»:


Ալեն Սիմոնյանը հստակեցրեց, որ արդարադատության նախարար լինելու համար իրավաբանական կրթությունը պարտադիր է: