Հարյուրավոր հյուսիսկորեացի զինվորներ նկատվել են Հեռավոր Արևելքի ռուսական ռազմաբազաներում։ Նրանք 10-12 հազարանոց զինվորական կազմի մի մասն են կազմում, որոնք շուտով կարող են մարտի մեջ մտնել Կուրսկի շրջանում ուկրաինական ստորաբաժանումների դեմ։
Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության (NIS) տվյալներով՝ Կիմ Չեն Ընն արդեն Վլադիմիր Պուտինի տրամադրության տակ է դրել իր 3000 զինվորներին։ Նրանք վերապատրաստվում են ռազմաբազաներում, որտեղ նրանց տվել են ռուսական համազգեստներ և կեղծ փաստաթղթեր, որոնցում նրանք ներկայացվում են որպես բուրյաթներ և յակուտներ։
Թեև Մոսկվան անընդհատ հրապուրում է աղքատ երկրներից մարդկանց, ինչպիսիք են Կուբան, Նեպալը, Եմենը, Շրի Լանկան և Հնդկաստանը, որպեսզի կռվեն «ռուսական աշխարհի համար», հյուսիսկորեացիները կլինեն կանոնավոր օտարերկրյա բանակի առաջին ստորաբաժանումները, որոնք պատերազմի մեջ կմտնեն Ռուսաստանի կողմից, գրում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ հյուսիսկորեացի զինվորներ կուղարկվեն օգնելու ռուսական ստորաբաժանումներին, որոնք արդեն երեք ամիս է փորձում են Կուրսկի շրջանից դուրս բերել Ուկրաինայի զինված ուժերը։
Ավելին, դրանք ոչ միայն զինվորներ են, այլ ԿԺԴՀ 11-րդ բանակի էլիտար ստորաբաժանման անդամներ, որոնք հայտնի են որպես «Փոթորկի կորպուս», ըստ NIS-ի: Սեուլի Ազգային անվտանգության ռազմավարության պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող Գո Մյոն Հյունը FT-ին հայտնել է, որ «Սրանք սովորական հյուսիսկորեացի զինվորներ չեն, որոնց մեծ մասը նույնիսկ համապատասխան մարտական պատրաստվածություն չունի: Նրանք լավ հագեցված, լավ պատրաստված, շարժական թեթեւ հետեւակ են»: