Հայաստանի եզդիների ազգային միության անդամ, ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդումների ավագ խմբագիր Հասան Թամոյանը Երևանի քաղաքապետարանում հանդիպել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթաջյանի հետ: YerevanNews.am-ի աղբյուրները հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եզդի համայնքի ներկայացուցիչ Արմեն Ամոյանը:
Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնորդար քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և որոշմամբ քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության կազմում առաջին անգամ, որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ընդգրկվում է եզդիական համայնքի ներկայացուցիչ, Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Ամոյանը:
«Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրները քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են: Պատահական չէ, որ ավագանու այս կազմում ներկայացված են նաև ազգային փոքրամասնությունների անդամներ: Եզդիների համայնքը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունենում մայրաքաղաքում տեղի ունեցող միջոցառումներին: Երևանի քաղաքապետը, կարևորելով ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը Երևանի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում, նաև հաշվի առնելով Կրանսոդարում բավական ընդգրկուն եզդիական համայնքի առկայությունը, նպատակահարմար գտավ պատվիրակության կազմում ընդգրկել նաև Երևանի ավագանու ազգությամբ եզդի անդամին»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:
Հասան Թամոյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական աջակցության, ինչպես նաև նման կարևոր նախաձեռնության համար, իր հերթին մեկ անգամ ևս փաստել է, որ նման այցելությունները հնարավորություն կտան ամրապնդելու Երևանում, ինչու չէ նաև Հայաստանում, և արտերկրում բնակվող եզդիների, նաև եզդի և հայ համայնքների միջև կապերը, առավել ևս, որ Կրասնորդարի քաղաքային իշխանութուններում ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ եզդի պաշտոնյաներ:
Հասան Թամոյանը, ընդգծելով մայրաքաղաքում եզդիների մշակութային կենտրոն ունենալու կարևորությունը, ներկայացրել է նաև Երևանում համայնքի կողմից իրականացվող գործունեությունը:
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Ամոյանը իր հերթին ընդգծելով քաղաքապետի նախաձեռնության կարևորությունը նշել է, որ այցը կապերի ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռի:
Նախատեսվում է, որ պատվիրակության անդամներն այցի շրջանակում հանդիպումներ կունենան Կրասնոդարի քաղաքապետի և երկրամասի ղեկավարության հետ և կփոխանցեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Կհանդիպեն նաև հայ և եզդի համայնքների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն տոնական միջոցառումներին: Նշենք, որ այս տարի լրանում է Կրասնոդարի հիմնադրման 220-ամյակը: Քաղաքի օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի վերջին հանգստյան օրերին: Կրասնոդարի պատվիրակությունն իր հերթին ամեն տարի մասնակցում է Էրեբունի-Երևան տոնակատարություններին: