Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փորձում է վարկաբեկել ընտրական էլեկտրոնային տեխնոլոգիաները։ Այս մասին ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
«Վրաստանի նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները։ Արդեն մի քանի օր է, ինչ նախագահն անվստահություն է հրահրում տեխնոլոգիաների նկատմամբ տարբեր տեղական և միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում՝ անհիմն, չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հանձնաժողովի՝ միջազգային մակարդակով նախագահը փորձում է վարկաբեկել ընտրական վարչակազմին, որը կազմակերպել է ընտրությունները ամենաբարձր մակարդակով։
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություններն իրենց հայտարարություններում և գնահատականներում հաստատում են, որ ընտրություններն անցել են որակյալ և պրոֆեսիոնալ կերպով, սակայն նախագահը փորձում է այլ կերպ ներկայացնել իրավիճակը»,- նշում է ԿԸՀ-ն։