Մեծ Բրիտանիան գործազուրկներին կառաջարկի քաշը նվազեցնելու ներարկումներ, որոնց օգնությամբ նրանք կնիհարեն եւ կկարողանան վերադառնալ աշխատանքի, գրել է Euronews-ը։
Խոսքը ճարպի նվազեցման դեղամիջոցների ամենախոշոր արտադրողներից մեկի՝ Lilly ընկերության կողմից 280 մլն ֆունտ սթեռլինգի ներդրումների մասին է։ Ընկերությունում հայտնել են, որ այդ միջոցով ազդեցություն կգործվի աշխատանքի շուկայի, տնտեսության արտադրողականության եւ առողջապահության ոլորտի բեռնվածությունը նվազեցնելու վրա։
Առողջապահության նախարար Ուես Սթրիտինգը համոզված է, որ դեղերի նոր դասը կարող է «հսկայական ազդեցություն գործել ճարպակալման խնդրի վրա եւ ստիպել Բրիտանիային աշխատել։ Daily Telegraph-ի իր սյունակում նա նկարագրել է ազգի տխուր պատկերը. «Մենք, որպես երկիր, ավելի շատ ենք ուտում, օգագործում անառողջ սնունդ եւ ավելի քիչ ենք զբաղվում սպորտով։ Վնասներն ակնհայտ են՝ ավելի քիչ առողջություն եւ կարճ կյանք»։
«Ընդլայնվող գոտկատեղերը NHS-ի վրա տարեկան 11 մլրդ ֆունտ սթեռլինգ (13 մլրդ եվրո) են նստում, անգամ ավելի շատ, քան ծխելը։ Եվ սա հետ է գցում մեր տնտեսությունը»,- ասել է նա։
Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ճարպակալումը քաղցկեղի մեծությամբ երկրորդ պատճառն է եւ առողջության վատացման հիմնական գործոններից մեկը, որը մարդկանց խանգարում է լիարժեք աշխատել։
Հույս կա, որ Մեծ Բրիտանիայի կառավարության համագործակցությունը խոշոր դեղագործական ընկերությունների հետ կդառնա տեխնոլոգիական ձեռքբերումների նոր դարաշրջան, որոնք ճարպակալմամբ տառապող մարդկանց համար երկարատեւ արդյունքներ կապահովեն։
Կառավարության ներկայացուցիչն ասել է. «Մենք այս բոլոր խնդիրների հետ միասին մեծ առավելություններ ունենք. աշխարհում առաջատար գիտական մտքերից մեկը եւ Առողջապահության ազգային ծառայությունը՝ հսկայական պոտենցիալով։
«Եթե մենք կարողանանք միավորել այս երկու գործոնները, մեր երկրում պացիենտները կկարողանան վայելել բժշկագիտության հեղափոխության պտուղները»։
Mounjaro դեղամիջոցի (Ozempic-ի անալոգի) հաջող փորձարկումները չափազանց կարեւոր են Սթրիտինգի պլանի համար, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ աշխատանքի։ Փորձարկումների առաջին վայր է ընտրվել Մեծ Մանչեսթրը։
Թվերի համաձայն՝ ճարպակալումը ներկայում երկրի տնտեսության վրա տարեկան 3,2 մլրդ ֆունտ սթեռլինգ (3,8 մլրդ եվրո) է նստում, որի մոտ կեսը բաժին է ընկնում աշխատանքի արտադրողականության նվազմանը։