Երբ իշխանությունների դեմ խոսելու բան եղել է, ես խոսել եմ: Այս մասին այսօր՝ Գորիսում լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Ես խոսել եմ Արցախից, ես կարծել եմ, որ պատերազմի ելքը այլ ձեւ պետք է լինի: Ինքս էլ ոչ թե բարձին պառկել, կարծիքներ եմ հայտնել ոմանց նման, այլ զենքը ձեռքիս այդ կարծիքին եմ եղել: Որ թող կռվեն, թող ես էլ մեռնեմ, ինձ նման 500 հազար հոգի էլ մեռնի, բայց Արցախը մնա իր տեղում: Որովհետեւ մեր բոլորի լինելիության համար միլիոնավոր հայեր մեռել են, որ մենք մնանք հայ, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք: Ես կարծում եմ, որ հայրենիքի համար կարող են մեռնել միլիոններով, դա նորմալ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հարցում չի կիսում իշխանությունների մոտեցումը:
«Փաստը ցույց տվեց, որ մեր բնակչությունը այդպես չի մտածում: Ես խոսում եմ այն մասին, որ գործող իշխանության օրակարգը դա էր, որ պետք է լինի խաղաղություն, մեր ազգի մեծ մասը գնաց ընտրեց իշխանությանը»,-ասաց նա:
Հարցին՝ իր կարծիքով Արցախի կորստի հմար ո՞վ է մեղավոր, Առուշանյանը պատասխանեց. «Ես կարամ շատ անուններ տամ, որ մեղավոր են: Իմ նախկին հարցազրույցներում անունները տվել եմ, դրանից հետո բան չի փոխվել»:
Ճշտող հարցին՝ Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավո՞ր է, նա պատասխանեց. «Այո, մեղավոր է, որ թող մեռներ լիքը մարդ, բայց պահեին Արցախը: Իմ կարծիքը դա է: Հիմա պատերազմը պարտվել է, թշնամին գրավել է, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչի-չճանաչի, դրա իմաստը ո՞րն է»: