Փաստորեն դուք ինչ-որ տեղեկության եք տիրապետում, որին ես չեմ տիրապետում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ կա՞ որեւէ պատճառ կամ առիթ, որ ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Տիգրան Ավինյանը կամ Սիսակ Գաբրիելյանը կարող են դժգոհություններ ունենալ իր հետ կապված:
«Ես այս պահին չունեմ տեղեկություն: Ես գիտեմ բազմաթիվ հրապարակումներ կան կապված որոշակի պաշտոնյաների պաշտոնավարման կամ դժգոհությունների հետ: մեր հանձնաժողովում բազմաթիվ անձանց հետ կապված ոչ հրապարակային հարցեր են քննարկվել՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած բանակի խնդիրներով; Օրինակ, Արմեն Փամբուխչյանի հետ ես վերջին անգամ շփում ունեցել եմ, երբ նա ղեկավարել է ԱԻՆ-ը: Որպես Երեւանի փոխքաղաքապետ մեկ հեռախոսային շփում եմ ունեցել, երբ Արմեն Խաչատրյանի հետ գտնվում էի «Արագած» գործարանում»,-ասաց նա:
Քոչարյանը նաեւ նշեց, որ այդ ժամանակ տվյալ գործարանի հետ կապված բան է խնդրել Արմեն Փամբուխչյանից, սակայն վերջինս խնդրանքը չի կատարել:
Հարցին՝ ինքը գիտի՞, թե իր մասին լուրերը որտեղից են գալիս, կամ կարո՞ղ է դա պարզել, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, կարող եմ, չկասկածեք: Լուրերը պատահական չեն լինում, ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դրել: Իմ մասիօն անթույլատրելի արտահոսք էր, և ես միամիտ մարդ չեմ, իհարկե, իմ մասին այդ արտահոսքը պատահական չէր»,- ասաց նա: