Ազատ ոճի բոլոր ըմբշամարտիկներն շատ հաջող հանդես եկան Բուդապեշտում կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդատյանը:
«11 տարի ընդմիջումից հետո ունեցանք նորընծա աշխարհի չեմպիոն», - նշեց նա, հավելելով, որ մյուսներն էլ լավ մասնակցություն ունեցան աշխարհի առաջնության խաղերին:
Ամփոփելով մրցաշարը, նա նշեց, որ Արթուր Առաքելյանը գրավել է 5-րդ տեղը, մյուս մարզիկներից շատերին, այդ թվում նաև Էդգար Ենոքյանին խանգարել է հիմնականում վնասվածքը և անդիմացկուն լինելը:
«Չեմպիոնը շատ լավ գոտեմարտեց, կար ծանր պայքար: Վերջին մրցման ժամանակ նա շատ գրագետ վարվեց, քանի որ պարտվելով 0:2 հաշվով, վերջին 20 վայրկյանի ընթացքում գրագետ հնարք կատարեց և վաստակելով 2 միավոր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը», - մեկնաբանեց նա:
Հավաքականի մարզիչը նաև ներկայացրեց չեմպիոն Դավիթ Սաֆարյանի անցած ուղին, նշելով, որ Դավիթը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել միայն 2009թ. և այդ օրվանից միշտ ներկա է եղել հավաքականի մարզումներին և մրցումներին:
Նա նաև տեղեկացրեց, որ այժմ Սաֆարյանը գտնվում է Կրասնոդարում՝ բուժման նպատակով, քանի որ ունի կողի վնասվածք: