Հոկտեբերի 30-ի ուշ երեկոյան ռուսական զորքերը ֆուգասային ավիացիոն ռումբով հարվածել են Խարկովի Սալտովի շրջանի ինը հարկանի շենքին, տեղեկացրել է Խարկովի մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Ականն ընկել է շենքի չորրորդ հարկում։ Լրիվ փլուզվել են ստորին հարկերը՝6-րդից մինչեւ 1-ին, նշել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Ստորին հարկերի բնակիչները հայտնվել են փլատակների տակ, իսկ վերին հարկերի բնակիչները՝ շրջափակման մեջ, սկսվել է հրդեհ։ Սինեգուբովի տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, նրանցից մեկը՝ 11 տարեկան տղա, որին հանել են փլատակների տակից գլխի ծանր վնասվածքներով եւ կոտրվածքներով։ Երեխայի կյանքը չի հաջողվել փրկել։ Երկրորդ զոհի ինքնությունը կպարզվի փորձաքննության ընթացքում, փրկարարները փլատակների տակից հանել են միայն մարմնի մասերը։ Տուժել է 34 մարդ։


Ավիացիոն ռումբի հերթական հարվածը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Գործընկերները տեսնում են, թե ինչ է տեղի ունենում ամեն օր։ Եվ այս պայմաններում նրանց յուրաքանչյուր հետաձգված որոշում առնվազն տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նման ռուսական ռումբեր են Ուկրաինայի դեմ։ Նրանց որոշումները մեր մարդկանց կյանքերն են։ Ուստի մենք միասին պետք է կանգնեցնենք Ռուսաստանին եւ դա անենք հնարավոր ամբողջ ուժով»,- ասել է նա։