Ծանրացված վերմակները վաճառվում են որպես հրաշագործ բուժում այնպիսի խնդիրների համար, ինչպիսին են անքնությունը, անհանգստությունը և դեպրեսիան: Բայց ի՞նչ է ասում գիտությունը դրա մասին։ Այդ հարցը նոր տեսության մեջ ուսումնասիրել են Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի գիտնականները:

Հոգեկան առողջության բժիշկ Սյուզան Դոուսոնի գլխավորությամբ գիտնականների թիմը դրական արդյունքներ է գտել քնի բարելավման, դեղերի օգտագործման նվազեցման և տրամադրության բարելավման առումով, գրում է Euronews-ը:

«Ծանրացված վերմակներն, ըստ երևույթին, շոշափելի, ոչ դեղորայքային միջամտություն են առաջարկում քնի որակը բարելավելու համար»,- համալսարանի պաշտոնական կայքում Դոուսոնի խոսքերը մեջբերել են հրապարակման հեղինակները:

«Վերմակներն օգտագործած չափահասները նշել են, որ դրանից հետո քունը բարելավվել է, քնի դեղերի օգտագործումը նվազել է և նույնիսկ բարելավվել է տրամադրությունը և ցավազրկումը» -հավելել է Դոուսոնը:

Սակայն գիտնականներն ընդգծել են, որ այս արդյունքները ստացվել են չափահասների շրջանում։ Մինչդեռ երեխաների և դեռահասների արձագանքները միանշանակ չէին:

Ավստրալացի գիտնականների եզրակացությունները հրապարակվել են American Journal of Occupational Therapy գիտական ​​հանդեսում: Դա այս թեմայի վերաբերյալ 18 առկա հետազոտությունների ակնարկ է:

Թիմը հայտարարել է, որ հաջորդ քայլը կլինի վերմակների օգտագործման համար հստակ կլինիկական ուղեցույցների մշակումը՝ դրանց քաշի և անվտանգության նկատառումների առնչությամբ:

«Ուրախ ենք, որ մեր եզրահանգումները կիրառվել են Հարավային Ավստրալիայի պետական հոգեկան առողջության ծառայություններում ծանրացված վերմակների օգտագործման արձանագրությունները փոխելու համար»,-ասում է Դոուսոնը:

Վերմակները լինում են տարբեր տեսակների, ուլունքների կամ պլաստիկ գնդիկների տեսքով և տարբեր քաշ ունեցող միացուկներով, սակայն ստանդարտացված առաջարկություններ դեռևս գոյություն չունեն:

Փորձագետների մի մասը քննադատաբար էր վերաբերվում Դոուսոնի թիմի բացահայտումներին:

«Այս ոլորտում սահմանափակ տպագրված գրականության պատճառով հեղինակները իրենց տեսության մեջ կարողացան ներառել միայն փոքր թվով հետազոտություններ, որոնցից շատերն իրականացրել են գիտնականների նույն խումբը կամ որոշակի ենթախումբը»,-ասում են նրանք: Ավելի ընդհանուր եզրակացություններ անելու համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ:


Ըստ 2023 թվականին հրապարակված հետազոտության՝ քնին առնչվող խնդիրները լայնորեն տարածված են Եվրոպայում, ընդ որում՝ յուրաքանչյուր տասը չափահաս մարդ տառապում է խրոնիկական անքնությամբ, իսկ կանայք դրանից ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ։

Պորտուգալիայում, Ֆրանսիայում և Բելգիայում յուրաքանչյուր հինգերորդ չափահաս քնին առնչվող խնդիրներ ունի:

«Քունը մարդու հիմնական պահանջմունքներից մեկն է, և անբավարար քունը կարող է հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների և մեծացնել կամ վատթարացնել խրոնիկական հիվանդությունների վտանգը, դրանց թվում՝ սրտի հիվանդության, ուղեղի կաթվածի և հոգեկան առողջության խնդիրների»,-ասում է Դոուսոնը:

Քնի պակասը, ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, կապված է ճանաչողական գործառույթներին և հույզերին առնչվող բազմաթիվ բացասական հետևանքների հետ:

«Անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ՝ պարզելու համար վերմակների օպտիմալ օգտագործումը, և դրանց ազդեցությունը քնի և մարդու առողջության վրա: Դրանք պետք է շարունակել ուսումնասիրել գործնականում»,-ամփոփել է Դոուսոնը: