Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար այսօր կիրառվում են ուռուցքաբանական բոլոր հայտնի մեթոդները՝ դեղորայքային, վիրահատական և ճառագայթային։ Այդ մեթոդները շարունակաբար կատարելագործվում են, ի հայտ են գալիս վիրահատական ավելի խնայող տեխնիկաներ, նոր՝ ավելի քիչ վնասող դեղեր։
Մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային բուժումն այսօր ներառում է ոչ միայն քիմիաթերապիա և հորմոնալ բուժում, այլև՝ թիրախային և իմունաթերապիա։ Թերապիայի ընտրությունը կախված է քաղցկեղի տեսակից և տարածվածության աստիճանից։ Հորմոն զգայուն ուռուցքների դեպքում նշանակվում է հորմոնալ բուժում։ Մեկ այլ տեսակի ուռուցքների համար կան հատուկ թիրախային դեղամիջոցներ։ Տարբեր մեթոդները հաճախ համակցվում են՝ ավելի արդյունավետ բուժում իրականացնելու համար։
Ինչպես նշում է «Նաիրի» ԲԿ քիմիաթերապևտ Անուշ Ստեփանյանը, ամենաակտիվ կիրառվող դեղորայքային մեթոդը մնում է քիմիաթերապիան։ Սակայն պացիենտները հաճախ խուսափում են դրանից՝ պատկերացում անգամ չունենալով դրա օգուտի և վնասի մասին։
«Քիմիաթերապիան իրենից ներկայացնում է ներառական և կաթիլային մի քանի տեսակ դեղամիջոցներ, որոնք ուղղված են կոնկրետ հենց ուռուցքային բջիջների վերացմանը. Ինչպես բուն ուռուցք ում, այնպես էլ ամբողջ օրգանիզմում։ ցանկացած քաղցկեղի բուժման մեջ կարևոր է ոչ միայն հենց բուն ուռուցքի վերացումը, այլ հենց կանխելը դրա հետագա տարածումը այլ օրգանների վրա։ սրանում է կայանում քիմիաթերապիայի կարևորությունը, և սա է պատճառը, որ այն հիմնականում կիրառվում է ոչ միայն բարդացած դեպքերում, այլ հաճախ սկզբնական փուլերում», – ասում է բժիշկը։
Մազաթափություն, ընդհանուր թուլություն, ախորժակի ու տրամադրության անկում․ քիմիաթերապիայի այս և մի քանի այլ կողմնակի ազդեցություններ երբեմն մարդկանց ստիպում են հրաժարվել դրանից։ Մասնագետը նշում է, որ գրագետ աշխատանքի ու ժամանակակից մեթոդների կիրառման դեպքում հնարավոր է դրանցից խուսափել։
«Մազաթափության համար շատ արդյունավետ կիրառում ենք հատուկ սարք՝ սառեցնող գլխարկ, որը կարողանում և թույլ է տալիս պահպանել մազերը շատ կանանց շրջանում», – ասում է Անուշ Ստեփանյանը։
Ուռուցքի տեսակից և փուլից ելնելով բժշկական թիմը որոշում է, բուժման որ մոտեցումն ընտրել։ Որոշ դեպքերում սկսում են դեղորայքից, երբեմն՝ վիրահատությունից։ Նաիրի բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը նշում է՝ այսօր ձգտում են կատարել օրգանապահպան վիրահատություններ։ Իսկ եթե կուրծքը պահպանել այնուամենայնիվ չի հաջողվում, ապա առաջարկվում են պլաստիկ–ռեկոնստրուկտիվ մեթոդներ։
Այսօրվա կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման կարգախոսը էն ա, որ կինը պետք ա վերադառնա իրա կրծքագեղձով։ Եվ դրա համար կա երկու մեծ մոտեցում․ մի դեպքը երբ որ հնարավոր է կրծքագեղձը պահպանել, ուռուցքը հեռացնել էնպես, որ էդ կրծքագեղձը իր տեսքը չկորցնի. և կա երկրորդ մոտեցումը, և երբ որ դա ինչ ինչ պատճառներով հնարավոր չի. Մենք կրծքագեղձը հեռացնում ենք և էդ դեպքում արդեն պլաստիկաներ ենք անում», – ասում է բժիշկը։
Արտեմ Ստեփանյանը նշում է. արդեն վաղուց անցյալում է այն մոտեցումը, երբ ձգտում էին հնարավորինս շատ հյուսվածքներ հեռացնել, այդ թվում՝ բոլոր ավշային հանգույցները, որպեսզի ոչ մի քաղցկեղային օջախ բաց չթողնեն։
Այսօր կան հատուկ ներվիրահատական ախտորոշիչ մեթոդներ, որոնք թույլ են տալիս գտնել այսպես կոչված պահակային ավշային հանգույցները, և հեռացնել միայն դրանք, պահպանելով առողջները։ Մասնավորապես, Նաիրի ԲԿ–ում կիրառվում է Indocyanine green ֆլուորեսցենտ նյութի ներարկումը վիրահատության ժամանակ, որը կուտակվում է պահակային ավշային հանգույցներում։
«Դա բավականին լավ բան է, որը թույլ է տալիս գտնել հենց այն մեկ կամ 2 հանգույցները, որոնք իրոք պետք ա հեռացնել և ուղարկել հյուսվածքաբանական քննության և բնական ա մի բան է, երբ որ հեռացվում է 30 հանգույց, մի բան է, երբ որ երկուսն են հեռացվում կամ 3 +և այսօր էդ հիմնական խնդիրը, որը մենք անընդհատ ունենում էինք, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ, երբ որ բուժումից հետո նրանց մոտ թևի այտուց էր լինում, հիմա համարյա չի հանդիպում դա», – ասում է նա։
Քաղցկեղի բուժման գործում անփոխարինելի բաղադրիչ է նաև ճառագայթային թերապիան։ Այն շատ կարևոր դեր ունի քաղցկեղի կրկնությունը կամ տարածումը կանխելու համար։ Varian-Halcyon ժամանակակից արագացուցիչները, որոնք տեղադրված են նորաբաց «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում, հնարավորություն են տալիս ճառագայթել քաղցկեղային օջախները մաքսիմալ ճշգրիտ և անվնաս։ Իսկ կրծքագեղձի քաղցկեղի ճառագայթման ժամանակ կիրառվող շնչառության վերահսկման տեխնոլոգիան թույլ է տալիս մաքսիմալ պաշտպանել սիրտը և թոքերը։
«Շատ կարևոր տեխնոլոգիաներից մեկը, որը կիրառվում է կաթնագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ, դա շնչառության վերահսկման տեխնոլոգիան է։ Դրա էությունն այն է, որ մենք բուժման ժամանակ պացիենտին խնդրում ենք պահել շունչը խոր ներշնչման պահին, այսինքն՝ խոր ներշնչում կատարել և չշնչել։ Դա անհրաժեշտ է մի քանի խնդիրներ լուծելու համար։ Առաջին։ Խոր ներշնչման պահին կրծքավանդակը, բնականաբար, չի շարժվում, և, հետևաբար, չի փոխվում ճառագայթման ծավալը, ինչը մեզ թույլ է տալիս, իր հերթին, նվազեցնել ճառագայթվող առողջ հյուսվածքների ծավալը։ Երկրորդ՝ խոր ներշնչման պահին թոքը ծավալվում է, մեծանում չափով, և այդ կերպ նրա փոքր մասն է հայտնվում ճառագայթման ծավալում։ Եվ երրորդը, ինչը հատկապես կարևոր է ձախ կրծքագեղձի ճառագայթման ժամանակ, օդային շերտն է, որը ստեղծվում է ի հաշիվ թոքի լցվելու, այն հետ է մղում ճառագայթվող ծավալը սրտամկանից։ Մենք այդ կերպ իջեցնում ենք ճառագայթման չափաբաժնի բեռնվածությունը սրտի վրա։ Եվ այդ կերպ մենք կանխում ենք պոտենցիալ, հնարավոր սրտաբանական խնդիրները ճառագայթային թերապիայից 10-15 տարի հետո։ Եվ այդ տեխնոլոգիաները կրծքագեղձի հիվանդություններ ունեցող պացիենտների ճառագայթային թերապիայի շատ կարևոր ասպեկտ են», – ասում է «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնի Ռադիոթերապիայի ծառայության ղեկավար Սերգեյ Գոլուբը։
Էրեբունի Ռադիոթերապիայի կենտրոնը հագեցած է ճառագայթային բուժման համար կիրառվող բոլոր ժամանակակից սարքավորումներով։
«Մասնավորապես, տոպոմետրիայի համար կիրառվում է Siemens Samothome Go Open Pro տոմոգրաֆը այն մոդիֆիկացիայով, որը ստեղծվել է հենց ԿՏ տոպոմետրիայի համար։
Մենք ունենք երկու Varian Halcyon գծային արագացուցիչ։ Varian Halcyon–ը Varian ընկերության գծային արագացուցիչների ամենաժամանակակից մոդելներից է, որը թույլ է տալիս, առաջինը, իրականացնել բուժում I–GRT տեխնոլոգիայի կիրառմամբ, այսինքն՝ բուժում կառավարվող պատկերի միջոցով։ Բուժման յուրաքանչյուր սեանսից առաջ մենք կատարում ենք տոմոգրաֆիա կոնուսային փնջում, և ստուգում, թե ինչպես է պացիենտը պառկած այսօր, և անհրաժեշտության դեպքում շտկում նրա դիրքը սեղանի վրա», – ասում է Գոլուբը։
Այսպիսով՝ «Նաիրի» բժշկական կենտրոնն ու «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնը ապահովում են կրծքագեղձի քաղցկեղի ամբողջական բուժումը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ձևավորվել է ընդհանուր մասնագիտական թիմ, որը քննարկում է յուրաքանչյուր պացիենտի դեպքը և մշակում բուժման պլանը՝ ապահովելով լավագույն արդյունք։