Նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել 60-րդ նախագահական ընտրությունները: Նախագահի թեկնածուներն են հանրապետական, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը։

Թարմացվող տեղեկատվությամբ առաջատարը Թրամփն է, հաղորդում է CNN-ը։ Նա ստացել է 247 ընտրիչների ձայներ, Հարիսը՝ 210: Ընտրական կոլեգիայի 270 ձայն ստացած թեկնածուն կդառնա երկրի 47-րդ նախագահը։

Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթում է տատանվող նահանգներից նաև Ջորջիայում, որտեղ նա պարտվել էր 2020 թվականին։ Այդպիսի կանխատեսմամբ հանդես է գալիս CNN-ը։

CNN-ի տվյալներով՝ Ջորջիայում հաշվարկվել է քվեաթերթիկների 97%-ը։ Թրամփի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած անձանց 50,7%-ը, իսկ նրա մրցակից Քամալա Հարիսի օգտին, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, 48,4%-ը։