Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
«Նախագահ Ալիևը տեղեկացրել է COP29-ում (ՄԱԿ-ի կլիմայի համաժողովում) Ադրբեջանի նախագահության նպատակների, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցությունների առաջընթացի մասին»,- նշել է Հոֆմանը։
Շոլցը, նրա խոսքով, ընդգծել է համաժողովի հաջող ընթացքի անհրաժեշտությունը և վստահեցրել, որ Գերմանիան աջակցություն կցուցաբերի «կլիմայի ֆինանսավորման» շուրջ համաձայնության հասնելու համար 2025 թվականից հետո:
«Կանցլերը հաստատել է Գերմանիայի շարունակական պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների կառուցման գործում և կոչ է արել երկու կողմերին ձեռնարկել հետագա համարձակ քայլեր»,- ասել է Հոֆմանը։