«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը։ Հիշեցնենք, որ Պետրակովի հեռացումից հետո մեր հավաքականը փաստացի գլխավոր մարզիչ չունի և առաջիկա երկու հանդիպումներն անցկացնելու է, այսպես կոչված, «մարզչական շտաբի» գլխավորությամբ:
Վերջին երկու օրերին «Փաստը» տեղեկություններ էր ստանում, որ հաշվի առնելով երկրպագուների «Առաջին հայկական ճակատի» (FAF) բողոքի ակցիաները Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ուժային կառույցներին, որ Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ անվտանգության հավել յալ միջոցառումներ կիրառվեն:
Շրջանառվող այս տեղեկության մասին երեկ բարձրաձայնեց նաև FAF-ը՝ նշելով, թե «ՀՖՖ հորդորով սպասվում է տարբեր ուժային կառույցների մեծաքանակ ներկայություն»: FAF-ը նախ նշել էր, որ իրենց խնդրանքն ու դիրքորոշումն է՝ ազգային հավաքականին աջակցել միշտ, անկախ արդյունքներից, իսկ թիմի խնդիրներին անդրադառնալ առանձին, այս պարագայում` ՀՖՖ ներկայիս ղեկավարության հեռանալուց հետո:
Ապա նաև հայտարարել էին, որ Ազգային հավաքականի խաղը չի եղել և չի կարող լինել անկարգությունների հարթակ. «Մենք դատապարտում ենք ցանկացած նման դրսևորում և կոչ ենք անում ուժային կառույցներին՝ խաղից առաջ, երկրպագման պրոցեսի ժամանակ և դրանից հետո չդիմել սադրիչ որևէ գործողության երկրպագուների նկատմամբ»։
Ի դեպ, հավելենք, որ ըստ «Առաջին հայկական ճակատի», երեկվա դրությամբ տոմսերի վաճառքը բավական վատ վիճակում էր. «Ունենք վերջին մի քանի տարվա՝ տոմսերի վաճառքի վատագույն ցուցանիշներից մեկը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում