Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղի և լյարդի ցիրկադային ռիթմերի անհամապատասխանությունը մկների շրջանում հանգեցնում է ուտելու խանգարումների և քաշի ավելացման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science հանդեսում։


Ցիրկադային ռիթմը քնի և արթմնի վիճակների հերթափոխումը կարգավորող օրգանիզմի բնական գործընթաց է, որը 24 ժամը մեկ կրկնվում է:

Ցիրկադային ռիթմերը, որոնք կարգավորվում են հիպոթալամուսի սուպրախիազմատիկ միջուկով (SCN), վերահսկում են օրգանիզմի կենսառիթմերը, սակայն օրգանիզմի գրեթե յուրաքանչյուր բջիջ, ներառյալ լյարդի բջիջները, ունի իր «ներքին ժամացույցը», պարզվել է նոր հետազոտության մեջ: Դրանց գործունեության ձախողումները կարող են նյութափոխանակության խանգարումների հանգեցնել:


Գիտնականները պարզել են, որ լյարդի ցիրկադային ռիթմի խանգարումներով մկների ուտելու սովորություններում շեղումներ են արձանագրվել. փորձմկները հանգստի փուլում և 24-ժամյա ցիկլի ընթացքում ավելի շատ կալորիաներ էին օգտագործում: Երբ կենդանիների՝ ուղեղը լյարդին միացնող լյարդային afferent թափառող նյարդը (HVAN) կտրվեց, որկրամոլությունը դադարել է։

Հետազոտողները պարզաբանել են, որ լույսի և սնուցման վրա հիմնված ներքին ժամացույցների համաժամացումը կարևոր է նյութափոխանակության կարգավորման համար: Սակայն ցիրկադային ռիթմերի խախտումները, մասնավորապես՝ ժամային գոտիների փոփոխության կամ գիշերային աշխատանքի հետևանքով առաջացած խախտումները, կարող են առողջական լուրջ խնդիրների հանգեցնել, ներառյալ սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի բարձրացման: Գիտնականների կարծիքով՝ նման վտանգավոր հետևանքները տեղի են ունենում ոչ միայն մկների, այլև մարդկանց օրգանզիմում։