Նոյեմբերի 14-ին, Նկարչների միությունում ամփոփվեց teenLIVE-ի հերթական մարդակենտրոն նախագիծը՝ «Ստեղծիր նոր պատմություն» լայնածավալ արշավը, որը իրականություն դարձավ UNESCO-ի և UNAIDS-ի համատեղ աջակցությամբ։
Ծրագիրն ուղղված էր 16-25 տարեկան երիտասարդ տղամարդկանց և պատանիներին, նպատակն էր պայքարել գենդերային վնասակար կարծրատիպերի դեմ և կանխարգելել բռնությունն ու հարակից արատավոր երևույթները։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը անդրադառնալով ծրագրին, նշեց.
-Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք աշխատել երիտասարդ տղաների հետ՝ նրանց դրական առնականությունը ձևավորելու համար, որպեսզի և՛ կանայք, և՛ տղամարդիկ ունենան հավասար իրավունքներ և հարգեն միմյանց։
Արշավի շրջանակներում տեղեկատվական հոդվածների, կոմիքսների և հայտնի ինֆլյուենսերների հետ տեսանյութերի օգնությամբ լսարանը ինֆորմացվում էր դրական առնականության մասին, մասնավորապես, որ ուժեղ տղամարդն էլ կարող է ունենալ հույզեր, լինել հոգատար և աջակցող, չլինել բռնարար։
Արշավի կարևոր բաղադրիչ է եղել նաև առնականության թվային հարցաշարի ներդրումը, որը կոչված է մարտահրավեր նետել առնականության ավանդական տեսակետներին և խթանել առողջ վերաբերմունքը գենդերային հավասարությանը և միջանձնային հարաբերություններին։
Հարցաշարը լրացրել է մոտ 1900 երիտասարդ, ովքեր առնականության մասին պատկերացումների արժեքավոր տեղեկություններ են տրամադրել: Արդյունքները ցույց են տվել վարքագծի բացասական գծերից հրաժարվելու օրինաչափություն: Փոխարենը մասնակիցները նախընտրում էին այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հուզական ինտելեկտը, հոգատարությունը, նվիրվածությունը և բռնությունից զերծ լինելը:
Թվային հարթակներում արշավը հավաքել է 840.000 դիտում։
Միջոցառման ավարտին մասնակիցները միահամուռ ուժերով ստեղծեցին կոլաժ, որը խորհրդանշում է միասնականության կարևորությունը։