Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Գլխավոր թեման եղել է Սիրիայի ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվում է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական ու սոցիալ-տնտեսական կայունության խաթարման նպատակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կողմերն անվերապահ աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների՝ երկրի սահմանադրական կարգի և տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված գործողություններին, ինչպես նաև ընդգծվել է Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակում ջանքերի համակարգման կարևորությունը։