Հազարավոր գրավիչ, սակայն ոչ միշտ անհրաժեշտ ապրանքներից զամբյուղի մեջ տեղավորում եք մի քանիսը, կասկածում, որ ձեր ընտրությունը վերջնական է, անցնում ևս մի քանի բաժնով։ Եվ երբ կարծես կայացվել է ինչ-որ բան գնած լինելու քմահաճույքն ու անհրաժեշտությունը/կարիքը լավագույնս միավորող ընտրությունն ու մեկ վայրկյան է մնացել պատվերն ավարտին հասցնելու համար, հավելվածը հարցնում է՝ ինչ-որ բան չե՞ք մոռացել, ու առաջարկում այն անթիվ-անհամար ապրանքները, որոնք նայել, հավանել, մեծ ջանքով անտեսել եք։
«Թեմու»-ն գիտի՝ ինչպես ստիպել կատարել ևս մեկ գնում։
Եվրահանձնաժողովը գիտի, որ «Թեմու»-ն օգտատերերին հրահրում է չպլանավորված գնումների և կախվածություն ձևավորում ծառայությունից։
Այս և մեկ այլ պատճառով ԵՄ-ն տուգանքի ընթացակարգ է բացել «Թեմու» առցանց խանութի նկատմամբ․
«Եվրահանձնաժողովը չինական PDD Holdings-ին պատկանող «Թեմու» առցանց ծառայությանը կասկածում է ԵՄ 2023-ին ընդունված «Թվային ծառայությունների մասին» օրենքի դրույթները խախտելու մեջ։ Բրյուսելը ենթադրում է, որ հարթակում վաճառվում են կեղծ և վտանգավոր ապրանքներ։ Կա մտավախություն, որ պլատֆորմը չունի բավականաչափ հզոր համակարգեր, որոնք կկանգնեցնեն «նախկինում կասեցված անբարեխիղճ առևտրականների» վերարտադրումը, որոնց արտադրանքները երբեմն հայտնվում են հարթակում հանվելուց մի քանի օր անց»:
The Guardian-ի փոխանցմամբ կեղծ ապրանքների, դեղագործական ապրանքների, կոսմետիկայի և խաղալիքների վաճառքի վերաբերյալ մտահոգությունները բարձրացվել են եվրոպական տարբեր երկրների կողմից։
«Թեմու»-ի դեմ հետաքննության ընթացքում ստուգվելու են հայտնի ապրանքանիշերի կեղծիքները, որոնք խախտում են հեղինակային իրավունքը, չհավաստագրված կամ ոչ անվտանգ դեղամիջոցները, որոնք չեն փորձարկվել եվրոպական չափանիշներին համապատասխանության համար, կոսմետիկան, որը կարող է պարունակել արգելված բաղադրիչներ, երեխաների համար նախատեսված ապրանքները, որոնք կարող են վստանգել առողջությունը, օրինակ՝ թունավոր նյութեր պարունակելով։
«Իրազեկ և պաշտպանված սպառող« ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում նման խնդիրների կանխարգելմանն ուղղված քայլեր չեն արվում․
«Երբ անում ենք էլեկտրոնային առևտուր, անկախ հավելվածից, պիտի իմանանք, որ առնվազն ՀՀ-ի տարածքում վերջիններս ստուգման չեն ենթարկվում։ Իրավունքներ պաշտպանության համակարգ ունենալու համար նախ՝ պետք է ճիշտ գնահատել ու չափել հնարավոր ռիսկերը, թե ինչ խնդիրներ կարող են ծագել և համապատախասն օրենդրություն մշակենք կանխելու համար էս ամեն ինչը։ Ինչ վերաբերում է մեր գործող օրենսդրությամբ պատասխանատվության կանչելուն, թերևս անբարեխիղճ մրցակցության ու սպառողներին մոլորեցնելու հոդվածով կարող ենք ինչ-որ բան փորձենք անել, ինչը չեմ կարծում, որ խիստ հիմնավոր կլինի, չնայած այն բանին, որ սպառողներին մոլորեցնող բազմաթիվ դրսևորումներ էլեկտրոնային հավելվածը ունի»։
Հավելվածն իր այցելուներին գրեթե ամեն օր նվերների մեծ ընտրանի է առաջարկում։ Սակայն մոռանում է ի սկզբանե նշել, որ դրանք ստանալու համար անհրաժեշտ է նախ գնումներ անել։ Առաջարկում է գումարի հետվերադարձ՝ մոռանալով ասել՝ ինչ գործողություններից հետո։ Օրենքը սա մոլորեցնելու և անբարեխիղճ մրցակցային պայմաններ ստեղծելու դրսևորումներ է համարում։ Բայց Պիպոյանին ավելի շատ անհանգստացնում է ուշացած և հատվածական անդրադարձը․
«Շատ դեպքերում ինչ-որ մեկի հետ կապված ինչ-որ երկրում լինում է հսկողություն, մենք մտածում ենք, որ կարող է էդ պրոբլեմը մեր մոտ էլ կա, մենք էլ նայենք։ Թվային հարթակներում պարտադիր է մոնիթորինգ անել համապարփակ ու բոլորին հավասարապես։ Շատ կարևոր է նաև հանրային վստահությունը։ «Թեմու» կա, «Օզոն» կա, «Վայլդբերիզ» կա, մնացածը կան․ եթե դու մեկին ստուգում ես, մնացածին մոնիթորինգ չես անում, հանրային ընկալման մեջ դա լավ չի ընկալվում, իսկ սապռողների պաշտպանության ոլորտն այն ոլորտն է, որտեղ բոլորը պետք է հասկանան, որ եթե գործ է արվում, դա սպառողների շահերի պաշտպանությունից ելնելով է արվում, ոչ թե այլ»։
Եվրահանձնաժողովը հետաքննություն սկսելու որոշումը կայացրել է սեպտեմբերի վերջին «Թեմուի» կողմից տրամադրված ռիսկերի գնահատման զեկույցի, Եվրահանձնաժողովի պաշտոնական հարցումների պատասխանների և երրորդ կողմերի կողմից տրամադրված տեղեկատվությունների հիման վրա։ Եթե օրենքի խախտումն ապացուցվի, Եվրահանձնաժողովը կարող է տուգանք կիրառել տարվա համաշխարհային առևտրաշրջանառության մինչև 6 տոկոսի չափով։
Ծառայությունը գործարկվել է 2023-ի ապրիլին։ Տարեվերջին ապրանքների համախառն ծավալը հասել է ավելի քան 15 միլիարդ դոլարի։ Այսօր բջջային հավելվածն ունի ամսական ավելի քան 167 միլիոն ակտիվ օգտատեր, և կանխատեսվում է, որ տարեվերջին տարեկան վաճառքը կկազմի 54 միլիարդ դոլար։