Փիտսբուրգի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են մեխանիզմ, որը պատասխանատու է առողջությանը հասցվող ծանր վնասի եւ կորոնավիրուսային վարակի մահացու հետեւանքների համար։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում։
Թիմն ուսումնասիրել է գեների էքսպրեսիան պացիենտների թքի քսուքներում, որոնք ունեցել են COVID-19-ի ծանր ձեւ, եւ այն համեմատել են առողջ մարդկանց ցուցանիշների հետ։
Պարզվել է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը խախտում է միտոխոնդրիաների (բջջային կառույցներ, որոնք պատասխանատու են էներգիայի արտադրման համար) հիմնական ռեակցիաները։ Միտոխոնդրիալ սթրեսը ազատ է արձակում ազդանշանային միացություններ, որոնք ակտիվացնում են իմունային սենսորները։ Դա հանգեցնում է ռենին-անգիոտենզիա-ալդոստերոնային համակարգի գործադրման (ՌԱԱՀ)։
ՌԱԱՀ-ը կարգավորում է զարկերակային ճնշումը հորմոնների, սպիտակուցների եւ ֆերմենտների օգնությամբ։ Բայց այն նաեւ կարող է առաջացնել ռեակցիա, որը վնասում է ներքին օրգանները։ COVID-19-ի ծանր ձեւի ժամանակ ՌԱԱՀ ակտիվացումը միտոխոնդրիալ սթրեսի հետ համադրությամբ ուժեղացնում է չվերահսկվող իմունային արձագանքը, որը հայտնի է որպես ցիտոկինային փոթորիկ։
Գիտնականները հայտնաբերել են, որ նշված գործոնների հավաքածուն քաոս է սերմանում օրգանների անմիջապես մի քանի համակարգերում՝ հանգեցնելով սրտային անբավարարության, միոկարդի վնասման, թոքի ֆիբրոզի եւ երիկամների ախտահարման։
Հետազոտողները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կարող է նոր մոտեցումներ ստեղծել թերապեւտիկ միջոցների մշակման եւ կորոնավիրուսային վարակի ծանր հետեւանքների կանխման համար։