Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ինը մարդու, ովքեր բողոքել են Իսրայելի նկատմամբ իշխանությունների քաղաքականությունից՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Anka գործակալությունը։

Անցյալ շաբաթ Էրդողանը ելույթ էր ունենում TRT World մեդիա ֆորումում, երբ մի քանի հոգի լսարանից սկսել են կարգախոսներ բղավել։ Նրանք դիմել են նախագահին՝ «ե՞րբ կդադարի առևտուրն Իսրայելի հետ» հարցով։ Նրանք նկատել են, որ «նավերը ռումբեր են տեղափոխում Գազա»։ Թուրք առաջնորդն իր ելույթն ընդհատել է և կոչ արել ցուցարարներին «չլինել սիոնիստների խոսափողը» և չփորձել սադրանքներ առաջացնել։

Այնուհետև բերման են ենթարկվել ինը հոգի, ովքեր մասնակցել են այս բողոքի ակցիային և համանման ակցիային այն շենքի մոտ, որտեղ անցկացվում էր ֆորումը: Դատախազությունը դատարանին խնդրել է ձերբակալել նրանց «Ժողովների և ցույցերի մասին» օրենքը խախտելու համար։ Դատարանը բավարարել է այս պահանջը։

Թուրքական ընդդիմությունը քննադատել է իշխանությունների այս որոշումը՝ այն համարելով հարձակում ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքների վրա։